Բաժին. Տնտեսական

Ղազախստանը պատրաստ է իր օդանավակայանները փոխանցել եվրոպացի ներդրողների ղեկավարմանը

Ղազախական կողմը պատրաստ է եվրոպացի ներդրողների կառավարմանը հանձնել երկրի ավելի քան 20 օդանավակայան։ Այս մասին Բրյուսելում ընթացող ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային ներդրումային ֆորումում ասել է հանրապետության տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևը։

Պաշտոնյան նշել է, որ հանրապետության խոշորագույն օդանավակայանները՝ Աստանան և Ալմաթի, արդեն գտնվում են արտասահմանյան հոլդինգների հսկողության տակ։

«Մենք պատրաստ ենք Ղազախստանի մնացած 22 օդանավակայանները փոխանցել մասնավոր հատվածին՝ եվրոպացի ներդրողների կառավարման ներքո: Մեծ ներուժ կա Ասիայի և Եվրոպայի միջև տարանցիկ հանգույց դառնալու համար», – ասել է նա:

Կարաբաևը նաև ընդգծել է, որ հանրապետության իշխանությունները պատրաստ են Կասպից ծովի ափին գտնվող Ակտաու և Կուրիկ նավահանգիստները փոխանցել եվրոպական ընկերություններին՝ դրանց հետագա սեփականաշնորհման հնարավորությամբ։

«Առաջարկում ենք համաձայնագիր ստորագրել Միջին միջանցքի մասնակիցների և Եվրամիության միջև այդ երթուղու զարգացման վերաբերյալ»,- նշել է նախարարը։

Բացի այդ, պաշտոնյան առաջարկել է սեպտեմբերին Աստանայում կազմակերպել մեծ ներդրումային համաժողով՝ Եվրամիության և Ղազախստանի միջև տրանսպորտի ոլորտում գործընկերության վերաբերյալ:

Share