Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՔՈՒՎԵՅԹ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնել է Քուվեյթի պետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Քուվեյթի Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահի, վարչապետ Շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Ահմադ Ալ Սաբահի, փոխվարչապետ և  արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի հետ։ 

Հանդիպումների շրջանակում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվող քայլերը և բանկային, գյուղատնտեսության, առողջապահության, կրթական և մշակութային բնագավառներում կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Քուվեյթ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Մտքեր են փոխանակվել գործարար համաժողով կազմակերպելու հնարավորության շուրջ։  

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Քուվեյթի և,  ընդհանրապես, արաբական աշխարհի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ 

Հայաստանի և Քուվեյթի արտգործնախարարները ստորագրել են դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին համաձայնագիրը, որով հիմք է դրվել երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Քուվեյթի Ֆինանսների նախարար, Հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի քուվեյթյան կողմի նախագահ Նաիֆ ֆալահ Ալ Հաջրաֆի հետ: Քննարկվել են անցյալ տարի Երևանում կայացած հանձնաժողովի անդրանիկ նիստի արդյունքները և հաջորդ տարվա առաջին կեսին Քուվեյթում գումարվելիք նիստի օրակարգի ձևավորմանն ու նախապատրաստական աշխատանքները։

Հայաստանի արտգործախարարն այցելել է նաև Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամ, որտեղ հանդիպում է ունեցել հիմնադրամի նախագահ Աբդելվահաբ Ալ Բադերի հետ։  Զրույցի ընթացքում քննարկվել է հիմնադրամի կողմից Հայաստանում ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Share