Բաժին. Տնտեսական

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 2013-2015ԹԹ. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել 2013-2015թթ. իր ներդրումային ծրագիրը:

Ընկերության հայտարարության համաձայն՝ ծրագրի գլխավոր նպատակն է ընկերությանը պատկանող հիմնական էլեկտրատեխնիկական կառուցվածքի պահպանությունը, առաքվող էլեկտրաէներգիայի որակի բարձրացումը, ինչպես նաև ցանցին նոր բաժանորդների միացումը:

Ինչպես նշվում է ընկերության ներկայացրած փաստաթղթերում՝ 2012 թվականի ընթացքում ձևավորվող սակագնային մարժայի՝ նախատեսվածից ցածր մակարդակով պայմանավորված ընկերությունն այժմ հայտնվել է բավական դժվար ֆինանսական վիճակում, ինչն, ընկերության պնդմամբ, կարող է բերել ներդրումների և ծախսերի կրճատմանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում վստահ են, որ ներկայացված ներդրումային ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել, եթե ընկերությունը ստանա 2012թ-ին նախատեսված սակագնային մարժան կամ նորմատիվ և փաստացի սակագնային մարժայի ձևավորված տարբերությունը՝ 2013թ-ի ընթացքում: Հակառակ դեպքում, ընկերությունը ստիպված կլինի կրճատել իր ներդրումային ծրագիրը:

Ըստ առաջարկվող ծրագրի՝ 2013 թվականի ներդրումների ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 9,669 մլրդ ՀՀ դրամ, 2014 թվականի ներդրումային ծրագրի ծավալը՝ 8,441 մլրդ ՀՀ դրամ, 2015 թվականինը՝ 8,291 մլրդ ՀՀ դրամ:  Նշենք, որ ըստ կանխատեսումների՝ 2012 թվականի արդյունքներով տարվա ընթացքում իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 8.4 մլրդ դրամ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2013-2015թթ. ներդրումային ծրագիրը տարանջատված է յոթ բովանդակային և հինգ նպատակային ուղղությունների:

Բովանդակային ուղղություններն են` բաշխիչ ցանցերի վերակառուցում, կառուցում և այլ անձանց պատկանող բաշխիչ ցանցերի ձեռքբերում, նոր սպռողների վերակառուցվող էլեկտրատեղակայանքները ցանցին միացում, էլեկտրական էներգիայի հաշվառման համակարգի արդիականացում, վարչական և արտադրական շինությունների վերանորոգում, համակարգչային տեխնիկայի, աքսեսուարների, լիցենզիաների, ծրագրային փաթեթների, գրասենյակային գույքի, կահույքի, չափիչ սարքերի և գործիքների ձեռքբերում, տրանսպորտային միջոցների, հատուկ տեխնիկայի և համապատասխան սարքավորումների ձեռքբերում և ենթակայանի անվտանգության պարագաների ձեռքբերում:

Ներդրումային ծրագրի 5 նպատակային ուղղություններն են.

– Հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանում, անվտանգության ապահովում և մաշված սարքավորումների փոխարինում: Այս նպատակային ուղղության համար նախատեսվում է ներդնել 2013թ.-ին` 1 734 000 հազ. դրամ, 2014թ.-ին` 2 591 550 հազ. դրամ, 2015թ.-ին` 2 591 550 հազ. դրամ:

– Թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի քանակի և տևողության կրճատում: Այս նպատակային ուղղության համար նախատեսվում է ներդնել 2013թ.-ին` 403 304 հազ. դրամ, 2014թ.-ին` 600 000 հազ. դրամ, 2015թ.-ին` 800 000 հազ. դրամ:

– Նոր սպառողների միացում և հատուկ ծրագրերի իրականացում: Այս նպատակային ուղղության համար նախատեսվում է ներդնել 2013թ.-ին` 5 387 933 հազ. դրամ, 2014թ.-ին` 4 500 000 հազ. դրամ, 2015թ.-ին` 4 150 000 հազ. դրամ:

– Առևտրային հաշվառման համակարգի բարելավում: Այս նպատակային ուղղության համար նախատեսվում է ներդնել 2013թ.-ին` 435 000 հազ. դրամ, 2014թ.-ին` 390 000 հազ. դրամ, 2015թ.-ին` 390 000 հազ. դրամ:

– Բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպման համար այլ ուղղությունների իրականացում: Այս նպատակային ուղղության համար նախատեսվում է ներդնել 2013թ.-ին` 1 708 954 հազ. դրամ, 2014թ.-ին` 360 000 հազ. դրամ, 2015թ.-ին` 360 000 հազ. դրամ:

Share