Տնտեսական

Հնդկաստանում տարեկան 7% տնտեսական աճ են կանխատեսում

Ակնկալվում է, որ Հնդկաստանի տնտեսությունը առաջիկա տարիներին կաճի ավելի քան 7%-ով` շնորհիվ ֆինանսական հատվածի զարգացման և կառուցվածքային բարեփոխումների: Մինչև 2030-ը Հնդկաստանը կարող է ունենալ 7 տրիլիոն դոլարանոց տնտեսություն: Այս կանխատեսումը ներկայացրել է հանրապետության ֆինանսների նախարարությունը:

«Ակնկալվում է, որ առաջիկա երեք տարում Հնդկաստանը կդառնա աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը՝ 5 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով: Այնուամենայնիվ, կառավարությունն իր առջև դրել է ավելի բարձր նպատակ՝ դառնալ զարգացած երկիր մինչև 2047 թվականը»,- ասվում է տեքստում:

Զեկույցի համաձայն՝ ներքին պահանջարկը վերջին երեք տարվա ընթացքում տնտեսությանը բերել է ավելի քան 7% աճ: Ներքին պահանջարկի կայունությունը, մասնավորապես մասնավոր սպառումը և ներդրումները, պայմանավորված են կառավարության կողմից անցյալում իրականացված բարեփոխումներով և միջոցառումներով:

Ֆինանսների նախարարությունը նշում է, որ աճն արագացնելու համար կառավարությունը պետք է կենտրոնանա այնպիսի ոլորտներում բարեփոխումներ անելու վրա, ինչպիսիք են աշխատուժի հմտությունների բարելավումը, առողջապահության զարգացումը, էներգետիկ անվտանգությունը, փոքր և միջին ձեռնարկությունների հարկային բեռի նվազեցումը և գենդերային հավասարակշռությունն աշխատուժում:

Share