Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ԱՄԷ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Աբու Դաբի կատարած այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մուհամադ Ահմադ Մուրիի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել հայ-էմիրաթյան փոխգործակցության ընդլայնման շուրջ, մասնավորապես, կարևորել են միջխորհրդարանական կապերի ակտիվացումը։ Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներ։

Աբու Դաբիում կայացել է նաև Էդվարդ Նալբանդյանի և ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի բանակցությունները։  ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները, գոհունակությամբ արձանագրելով երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, պայմանավորվել են միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացման ժամկետների, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության զարգացման, կրթական և մշակութային փոխանակումների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է  Երևանում ԱՄԷ դեսպանության հիմնումը։  Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են Օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագիրը, որը միտված է կանոնակարգելու երկու երկրների միջև օդային կապը։

Հայ-էմիրաթյան առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն էր նվիրված նաև ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Քասիմիի հետ Էդվարդ Նալբնադյանի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են տնտեսական համագործակցութան միջկառավարական հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները, մանրամասն անդրադարձել են Հայաստանից ԱՄԷ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանն առնչվող հարցերին։

Share