Բաժին. Տնտեսական

2013Թ.-ԻՆ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԵՆԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԳՆԱՃԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Համաշխարհային տնտեսական աճի դանդաղ վերականգնման պայմաններում 2013 թվականին հիմնական հումքային ապրանքների շուկաներում գնաճային միտումներ չեն սպասվում, և պարենի միջազգային շուկաներում հիմնականում կպահպանվի 2012 թվականի վերջին ձևավորված գների բարձր մակարդակը: Այսպիսին է ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումը:

Ինչպես նշվում է ԿԲ «Գնաճի հաշվետվություն» փաստաթղթում՝  առավել երկարաժամկետ հատվածում՝ 2014-2015թթ., համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգընթաց, հիմնականում կդրսևորվեն նավթի միջազգային գների չափավոր աճի միտումներ:  Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ էներգակիրների միջազգային շուկայում առկա կլինեն գնաճային ռիսկեր: 

2013 թվականին սպասվող համաշխարհային թույլ պահանջարկի պայմաններում արդյունաբերական մետաղների շուկաները կգործեն մեծ անորոշությունների պայմաններում, և գնաճային միտումներ չեն  նկատվի, իսկ 2014-2015թթ., համաշխարհային տնտեսության վերականգնման պարագայում, կնկատվեն չափավոր գնաճային դրսևորումներ:

Միևնույն ժամանակ, համաշխարհային տնտեսության սպասվող անորոշությունների պայմաններում 2013 թվականին թանկարժեք մետաղների գները ևս կդրսևորեն չափավոր գնաճային միտումներ:  

2013 թվականին հացահատիկի միջազգային շուկայում կպահպանվի հիմնարար լարվածությունը (երբ ցանկացած նոր տեղեկատվություն կարող է էապես ազդել գների մակարդակի վրա), իսկ ցորենի միջազգային գները կպահպանվեն 2012 թվականի երկրորդ կիսամյակում արձանագրված բարձր մակարդակում: Թաիլանդի կողմից կիրառված պետական կարգավորման արդյունքում՝ բրնձի միջազգային շուկայում առկա լարվածությունը կարող է շարունակվել՝ արհեստականորեն  բարձր պահելով բրնձի միջազգային գները: Այնուամենայնիվ, բրնձի շուկայում հիմնականում կդրսևորվեն թույլ գնանկումային միտումներ, և առկա կլինեն գնաճային ռիսկեր՝ կապված Թաիլանդի և  բրինձ արտահանող այլ առաջատար երկրների կողմից գների պետական կարգավորման մեխանիզմների կիրառման հետ: 

Շաքարավազի միջազգային գները կդրսևորեն հիմնականում կայունացման միտումներ՝ պայմանավորված 2012-2013թթ.-ներին Եվրոպայում, Թաիլանդում և Ռուսաստանում սպասվող առատ բերքով:  

Share