Տնտեսական

ԱՄՀ-ն բարելավել է 2024-ին համաշխարհային տնտեսության աճի իր կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է 2024-ին համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումը 0.2 տոկոսային կետով, միաժամանակ, ռիսկերի հավանականությունը պահպանվում է: Այս մասին ասվում է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ ԱՄՀ-ի հունվարյան զեկույցում:

«Համաշխարհային տնտեսական աճը 2024-ին կանխատեսվում է 3.1%, 2025-ին՝ 3.2%: Ընդ որում՝ կանխատեսումը 2024-ի համար 0.2 տոկոսային կետով ավելի բարձր է, քան հոկտեմբերյան զեկույցում»,- նշել են փաստաթղթի հեղինակները։

Ինչպես ընդգծվում է զեկույցում, 2024 և 2025 թվականների կանխատեսումը «ցածր է պատմական միջինից (2000-2019՝ 3.8%)՝ պայմանավորված գնաճի դեմ պայքարի կենտրոնական բանկերի քաղաքականության դրույքաչափերի բարձրացմամբ, հարկաբյուջետային աջակցության կրճատմամբ, ցածր արտադրողականությամբ, բարձր պարտքային ցուցանիշով, որը ճնշում է տնտեսական ակտիվության վրա:

Ակնկալվում է, որ զարգացած տնտեսություններում աճն այս տարի փոքր-ինչ կդանդաղի: Զարգացող տնտեսություններում կանխատեսվում է, որ 2024 թվականին աճը կպահպանվի 4.1 տոկոսի մակարդակում, իսկ 2025 թվականին՝ 4.2 տոկոսի։

Համաշխարհային առևտրի աճի կանխատեսումն էլ ընթացիկ տարվա համար 3.3% է, իսկ 2025-ին՝ 3.6%: Այս ԱՄՀ կանխատեսած ցուցանիշները ևս ցածր են պատմական միջինից:

Share