Տնտեսական

Հնդկաստանի ֆինանսների նախարար. IMEC-ը կփոխի խաղի կանոնները համաշխարհային առևտրում

Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա (IMEC) տնտեսական նոր միջանցքի ստեղծումը շրջադարձային կլինի Հնդկաստանի և աշխարհի համար։ Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը` խորհրդարանում ներկայացնելով հանրապետության միջանկյալ բյուջեն նոր ֆինանսական տարվա համար։

Իսկ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի խոսքով՝ միջանցքը «կդառնա համաշխարհային առևտրի հիմքը»:

Նրա խոսքով, համաշխարհային իրավիճակը գնալով ավելի բարդ է դառնում՝ հաշվի առնելով շարունակվող հակամարտությունները և կլիմայական մարտահրավերները, մատակարարման շղթաները խաթարվում են, իսկ կարևոր օգտակար հանածոների և տեխնոլոգիաների մրցակցությունը գնալով ավելի կատաղի է դառնում:

«Համավարակից հետո նոր աշխարհակարգ է ձևավորվում: Հնդկաստանը վստահորեն գնում է իր ճանապարհով»,- նշել է ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը:

Հիշեցնենք՝ Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Հնդկաստանը, Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան և Եվրամիությունը պայմանավորվել են ստեղծել տրանսպորտային և տնտեսական միջանցք, որը կապում է Հնդկաստանը Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրների հետ: Ծրագիրը ենթադրում է երկաթուղային ցանցի կառուցում և նավահանգստային ենթակառուցվածքի զարգացում։ Դրա շնորհիվ ծրագրի մասնակիցները մտադիր են մեծացնել արտահանման և տարանցիկ բեռների փոխադրման երթուղիների թողունակությունը։ Կողմերը ստորագրել են համապատասխան փոխըմբռնման հուշագիր։

Share