Բաժին. Տնտեսական

ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՍԿՍՆԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն»  (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով Գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հետ համատեղ բոլոր սկսնակ գործարարներին հրավիրում է  մասնակցելու այս տարվա վերջին անվճար դասընթացին: Մասնակցել կարող են փախստականի ճամփորդական անձնագրեր ունեցողները, ովքեր նաև ցանկանում են զբաղվել բիզնեսով կամ արդեն ունեն մինչև մեկ տարի շարունակ գործող բիզնես:   

Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ: Մասնակցելով ծրագրին` սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: 

ՓՄՁ ԶԱԿ-ի փոխանցմամբ՝ ծրագրի տևողությունը մեկ ամիս է, որի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը: 

Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցության գործիքներից:  

Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը սկսնակի ցանկությամբ կարող են ներկայացվել վարկավորման` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով` հետևյալ պայմաններով՝ առավելագույնը 3 մլն դրամ, տարեկան տոկոսադրույքը` 10%, առավելագույնը 3 տարի մարման ժամկետով, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տրամադրած երաշխավորություն (100%):

Share