Տնտեսական

Լեհաստանը մտադիր է ստուգել ուկրաինական շաքարի յուրաքանչյուր խմբաքանակ

Լեհաստանի գյուղատնտեսության նախարարությունը մտադիր է ստուգել Ուկրաինայից ներկրվող շաքարի յուրաքանչյուր խմբաքանակ։ Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Միխալ Կոլոձեյչակը։

«Այսօր ես դիմում եմ Առողջապահության նախարարությանը, որպեսզի սանիտարահամաճարակային տեսչությունը ստուգի Լեհաստան ներկրվող շաքարի յուրաքանչյուր խմբաքանակ, քանի որ ես վստահություն չունեմ ներկրողների նկատմամբ, որոնք պնդում են, որ այս շաքարը լավն է», –  ասել է պաշտոնյան, – «Տեղափոխումը թույլատրվում է ուկրաինական փաստաթղթերի հիման վրա, որոնց ես անձամբ չեմ հավատում և գիտեմ, որ այս շաքարը ներկրողները կարող են շրջանցել որոշակի վերահսկողական ընթացակարգեր»:

Նրա խոսքով՝ ուկրաինական շաքարավազի մի խմբաքանակ, որը նա անձամբ է ուսումնասիրել վերջերս սահմանին, «տարօրինակ հոտ ուներ»։

«Պաշտոնյաներն ինձ բացատրեցին, որ այդ շաքարավազն օգտագործվելու է արդյունաբերական կարիքների համար, դա ինձ համար տարօրինակ է»,- ասել է փոխնախարարը։

Նա նախազգուշացրել է, որ մտադիր է դիմել վարչապետ Դոնալդ Տուսկին և գյուղատնտեսության նախարար Չեսլավ Սեկյերսկիին՝ առաջարկելով «սահմանափակել ուկրաինական շաքարի ներկրումը այն հիմքով, որ արդեն շատ շաքար է ներկրվել Լեհաստան»։

Հիշեցնենք՝ հունվարին Լեհաստանի գյուղատնտեսության նախարար Չեսլավ Սեկյերսկին ասել էր, որ Ուկրաինայից Եվրոպա շաքարի մատակարարումների 20 անգամ ավելացումը բացասաբար է անդրադառնում լեհական այս ապրանքի արտահանման վրա։

Share