Բաժին. Տնտեսական

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԱՐՄԹԵՔ ԿՈՆԳՐԵՍ 2012» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Դեկտեմբերի 10-ից 11-ը, ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, տեղի կունենա ԱրմԹեք Կոնգրես 2012 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 5-րդ ամենամյա համաժողովը, որը կանցկացվի Սիլիկոնյան հովտում (ԱՄՆ)՝ Ստենֆորդի համալսարանում:

Համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը՝ միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը: «ԱրմԹեք Կոնգրես 2012»-ը հնարավորություն կտա նաև հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և ընդլայնված մասնագիտական ցանց:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ «ԱրմԹեք Կոնգրես 2012» համաժողովին ելույթով հանդես կգան պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի հեղինակավոր ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի, ԱՊՀ և այլ երկրներից, ինչպես նաև խոշորագույն վերազգային կորպորացիաների ներկայացուցիչներ: Հեղինակավոր բանախոսների մասնակցությունը նոր որակ կհաղորդի համաժողովին, ինչպես նաև կբարձրացնի հետաքրքրությունը արագ զարգացող հայկական ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտների հանդեպ:

ՀՀ կառավարությունը կարևորում է ԱրմԹեք Կոնգրեսը որպես մի հարթակ, որը հնարավորություն է ընձեռում քննարկել, ծրագրել և իրագործել Հայաստանի ներկայիս տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների ամրապնդմանն ուղղված քաղաքականությունն ու նախաձեռնությունները, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտ ունեցող երկրի վարկանիշը:

Share