Տնտեսական

Իրավիճակը Կարմիր ծովում սպառնում է էներգակիրների մատակարարումներին դեպի Եվրոպա

Կարմիր ծովում հութիների կողմից իրականացվող հրթիռային հարձակումները վնասում են Եվրոպայի համար առանցքային նշանակություն ունեցող էներգետիկ ուղիներին:

«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմի պատճառով Եմենի հութի ապստամբների հարձակումները էներգակիրների ապագա մատակարարումների առումով նոր վտանգ են առաջացնում 27 անդամ երկրներից բաղկացած ԵՄ-ի համար, որն ապավինում է ներկրվող բնական գազին՝ գործարաններ գործարկելու, էլեկտրաէներգիա արտադրելու և տները տաքացնելու համար», – հաղորդում է Associated Press-ը:

Հութիների հարձակումներից խուսափելու նպատակով բազմաթիվ էներգետիկ կազմակերպություններ իրենց նավերը դեպի Եվրոպա են ուղարկում Աֆրիկայի հարավով, այլ ոչ թե Սուեզի ջրանցքով, ինչը, սակայն, ինչպես մեծացնում է ֆինանսական ծախսերն, այնպես էլ՝ երկարացնում նավարկության ժամանակը:

2023-ի հոկտեմբերից ի վեր՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողությունների ընթացքում, հութիները թիրախավորում են Կարմիր ծովով անցնող նավերը՝ ի աջակցություն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների։

Գործակալությունը նաև նշում է, որ հութիների հարձակումներն առայժմ չեն ազդել բնական գազի գների վրա, քանի որ տնտեսական վատ վիճակի պատճառով Եվրոպայում պահանջարկը շատ մեծ չէ, իսկ ԱՄՆ-ից մատակարարումները չեն անցնում Կարմիր ծովով։ Բացի այդ, խողովակաշարերով գազը դեռ մատակարարվում է Նորվեգիայից և Ադրբեջանից, որոշ քանակությամբ գազ էլ Եվրոպա է ներկրվում Ռուսաստանից՝ չնայած պատժամիջոցներին։

Share