Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԱԼԹԱՆ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Մալթայում կայացել են բանակցություններ` Հայաստանի Հանրապետության և Մալթայի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը ստորագրման նախապատրաստելու նպատակով: Բանակցություններին հայկական կողմը ներկայացրել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ Հայաստանի և Մալթայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն չի տարածվում գույքի վրա, քանի որ Մալթայի հարկային օրենսդրությամբ գույքի հարկում նախատեսված չէ:

Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են եկել համաձայնագրի բոլոր հոդվածների շուրջ: Մասնավորապես, մշտական հաստատության, շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների, գույքի հավելաճի, ֆիզիկական անձանց հարկման վերաբերյալ հարցերի մասով: Համաձայնագիրը ներառում է նաև երկու երկրների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակությունը կարգավորող հոդված:

Ներպետական արարողակարգերն անցնելուց հետո համաձայնագիրը կմտնի ուժի մեջ:

Share