Բաժին. Տնտեսական

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ 2012» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Երևանում երեկ՝ նոյեմբերի 27-ին, մեկնարկել և այսօր շարունակվում է «Կենսաթոշակային բարեփոխումներ 2012» տարեկան երկրորդ համաժողովը, որի շրջանակներում տեղի է ունենում նաև «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով միջազգային երկրորդ գիտաժողով: Վերջինիս մասնակցում են ավելի քան 130 մասնակից` ԱՊՀ, մերձբալթյան և այլ երկրների կենսաթոշակային հիմնադրամների ղեկավարներ, մասնագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող պետական կառավարման մարմինների ու գերատեսչությունների, առևտրային բանկերի, ֆինանսական այլ կառույցների, ասոցիացիաների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, փորձագետներ: 

Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սոցիալական ապահովության պետական ծառայության, «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից, որոնց աջակցել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն ու Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիան:

Համաժողովի նպատակն է` ուսումնասիրել կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներ նախաձեռնած երկրների փորձը, քննարկել տարբեր երկրներում բարեփոխումների ընթացքում ի հայտ եկած մարտահրավերները, ինչպես նաև ամփոփել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների առաջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքները, նախանշել առաջիկա անելիքները, վեր հանել բարեփոխմանն առնչվող խնդիրներն ու մարտահրավերները, քննարկել դրանց լուծման ուղիները:

Տարեկան համաժողովին առաջին անգամ կմասնակցեն նաև ակտիվների կառավարիչներ, որոնք հետաքրքրված են կամավոր և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգերի գործարկման արդյունքում ստեղծվող ներդրումային հնարավորություններով:

Երկօրյա հանդիպումների ընթացքում կքննարկվեն հետևյալ խնդիրները` բարեփոխումների քաղաքականության ապագա զարգացումներ, բազմաստիճան կենսաթոշակային համակարգի բաշխողական և կուտակային բաղադրիչներ, «Էլեկտոնային կենսաթոշակ» համակարգի ներդրման արդյունքներ, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառում, 2013 թվականի ընթացքում իրականացվելիք` կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման, հանրային ուսուցման և ֆինանսական գրագիտության ծրագրի հիմնական բաղադրիչներ, ֆինանսական կրթման հնգամյա ռազմավարություն:

Share