Բաժին. Տնտեսական

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարար Ռեջեփ Բազարովին և Թուրքմենստանի Վերամշակող արդյունաբերության ասոցացիայի նախագահ Վալի Վալիևին:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մեծապես շահագրգռված է գյուղատնտեսության ոլորտում բարեկամ Թուրքմենստանի հետ հարաբերությունների խորացմամբ: Նա նշել է, որ բնագավառը ունի համագործակցության մեծ ներուժ և կարևորել է համագործակցության ուղղությունների համակողմանի ուսումնասիրությունը:

Նախարարը հանդիպման մասնակիցներին հակիրճ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության ներկա իրավիճակը և նշել է, որ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունը հռչակել է տնտեսության գերակա ճյուղ և ներկայացրել է ՀՀ կառավարության այն քայլերը, որոնք ուղղված են հանրապետությունում գյուղատնտեսության զարգացմանը:

Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարար Ռեջեփ Բազարովը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել է Թուրքմենստանում գյուղատնտեսության առկա վիճակը և նշել է, որ իրենք ևս պատրաստակամ են համագործակցություն ծավալել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: Նախարարը մեկ անգամ ևս ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են ստորագրվելիք «ՀՀ կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին» և «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարարության միջև համագործակցության մասի» համաձայնագրերը, որոնք ամուր իրավական հիմք կհանդիսանան երկկողմ համագործակցության և նոր ազդակ կհանդիսանան առկա համագործակցության խորացման և զարգացման համար: 

Share