Բաժին. Տնտեսական

ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տնտեսական ոլորտում հայ-թուրքմենական փոխգործակցության կարևորագույն գերակա ուղղություններն են էներգետիկան, տրանսպորտը, տեքստիլ արդյունաբերությունը և առևտուրը: Երկկողմ հարաբերություններում առկա է նաև գյուղատնտեսության և գյուղատնտեսական արտադրանքի արդյունաբերական մշակման ոլորտներում առավել սերտ կապեր հաստատելու անհրաժեշտություն: Այս մասին նշվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի Համատեղ հայտարարության մեջ:

Փաստաթղթում ասվում է, որ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված բանակցությունների արդյունքում կողմերն ընդգծել են առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության կարևորությունը և հավասարության, փոխշահավետության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա երկու պետությունների միջև տնտեսական գործակցության ամրապնդման և ընդլայնման գերակայությունը:

Այդ կապակցությամբ Նախագահները հաստատել են հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և նշել երկու երկրների առկա ներուժի ու հնարավորությունների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը`  երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման նպատակով:

Նախագահները պատրաստակամություն են հայտնել փոխադարձաբար Հայաստանի Հանրապետությունում և Թուրքմենստանում անցկացնել երկու պետությունների գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ ազգային ցուցահանդեսներ, բիզնես-համաժողովներ և այլ միջոցառումներ:

Share