Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Դեռևս երկու ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում գոյություն ունեցող կիսակառույցների, անավարտ շինությունների ճակատագրերի վերաբերյալ սկսված գործընթացն արդեն զգալի արդյունքներ է տվել: Այս մասին նոյեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ նախևառաջ անդրադառնալով քաղաքային իշխանության կողմից նախապես հրապարակված՝  հանրությանն առավել հուզող կառույցներին և ընկերություններին:

Այս համատեքստում է «Սևան» հյուրանոցը, որի սեփականատերերի («Կարուսել Իսթաբլիշմենթ»  ընկերություն) հետ կայացած հանդիպումների  ընթացքում քննարկվել են տարածքի  կառուցապատման հետագա խնդիրները: «Քանի որ «Սևան» հյուրանոցի հարևանությամբ՝ նախկին արդարադատության նախարարության այրված շենքի տեղում, առաջիկայում կսկսվի  վարչական շենքերի (արտաքին գործերի, արդարադատության և Էներգետիկայի նախարարությունների)  նոր համալիրի կառուցումը, ուստի անհրաժեշտություն կար այդ ծրագրերը կոորդինացնել «Սևան» հյուրանոցի ապագա շինարարության հետ: Այս  համատեքստում զգալի աշխատանք ենք կատարել. մշակել ենք  կառուցապատման նախագիծ՝ «Սևան»   հյուրանոցի տեղում կառուցվող շենքի ապագա չափորոշիչները՝ բարձրություն, խտություն, հարկայնություն, ինչպես նաև՝  հնարավոր կառուցապատման գործառույթները:  Առաջիկայում, նախկին արդարադատության նախարարության տեղում իրականացվող հողային աշխատանքներին զուգահեռ, հողային աշխատանքներ  կսկսվեն նաև «Սևան» հյուրանոցի տարածքում: Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նրանց կողմից արագացվեն նախագծերի մշակումները՝ համաձայն մեր կողմից տրված չափանիշների»,- նշել է Երևանի գլխավոր ճարտարապետը: 

Մյուս կառույցը երիտասարդական պալատն է, որի սեփականատիրոջ («Ավանգարդ մոթորս» ՍՊԸ) և նախագծողի միջև որոշակի խնդիր գոյություն ունի. վերջինս պահանջել է սեփականատիրոջից պահպանել մրցույթում հաղթած նախագծի չափանիշները: «Մենք որևէ հիմք չունենք այս հատվածում հավելյալ բարձրություններ ավելացնել ևս  20-30 մետրով և հստակ պահպանելու ենք նախկինում տրված բարձրությունը: Պայմանավորվածություն կա, որ ձմռան ամիսներին այդ փոփոխությունն իրականացնելով կսկսվի շինարարությունը», – նշել է Նարեկ Սարգսյանը: 

Երևանի գլխավոր ճարտարապետի տեղեկացմամբ` «Դվին» հյուրանոցը նախկինում սեփականաշնորհվել է ՀՀ  կառավարության կողմից և վերջինիս հետ կապված  բանակցությունները վարում է կառավարությունը, որոնք այս պահին էլ ընթանում են:

Նարեկ Սարգսյանի ներկայացմամբ՝ բավական արդյունավետ աշխատանք է տարվել «Կասկադ» համալիրի սեփականատերերի  հետ: «Առաջարկել ենք նրանց Կասկադի կիսավարտ հատվածի իրականացման ընթացքում անպայման հաշվի առնել «Կասկադի» հին նախագիծը՝ արված տարիներ առաջ ՝ ճարտարապետներ  Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի կողմից», – նշել է Նարեկ Սարգսյանը:  

Աբովյան փողոցում «Մուլտի Գրուպ» ընկերության կիսակառույց հյուրանոցի հետ կապված՝ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ Աբովյան 5/5 հասցեում նախատեսվող  շենքի հետին պլանում նախապեսված  18 հարկը առաջարկվել է նվազեցնել՝ համապատասխանեցնելով տարածքում առկա հարկայնությանը:

Ասուլիսի ընթացքում  Երևանի գլխավոր ճարտարապետի կողմից  տեղեկատվություն է տրվել նաև Ավանում, Աճառյան փողոցի մոտ 10 հա տարածքի վրա հիպերմարկետի շինարարության վերաբերյալ, որի նախագիծն առաջիկայում կներկայացվի Երևանի քաղաքապետարան: Անանդրադարձ է եղել նաև կայարանամեձ հրապարակի խնդրին: Նշվել է, որ այս համատեքստում բանակցություններն գրեթե ավարտված են և մի քանի օրից կառուցապատողներին արդեն կտրամադրվի քանդման թույլտվություն:

Կիսակառույց և անավարտ շինությունները մայրաքաղաքում 5 տասնյակից ավելին են, որոնց սեփականատերերին ևս առաջիկայում ծանուցումներ կուղարկվեն:

Share