Բաժին. Տնտեսական

ԳԱԲՐԻԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՉԻ ՂԵԿԱՎԱՐԻ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ ՊՈԱԿ-Ը

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար ս/թ նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել այդ պաշտոնում:

Ինչպես նշվում է նախարարության պաշտոնական հայտարարության մեջ՝  ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նոյեմբերի 28-ին անցկացրել է աշխատանքային քննարկում, որին հրավիրվել է նաև Գաբրիել Պողոսյանը: Նախարարը ևս մեկ անգամ կարևորելով արգելոցի կառավարման հետ կապված խնդիրները՝ առկա դժվարությունները, ինչպես նաև թեկնածուի հետ կապված հանրային ոչ միանշանակ արձագանքն ու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը, թվարկման կարգով նշել է արգելոցի կառավարման, արգելոցում իրականացվող աշխատանքների որակական բարելավման խնդիրները և տնօրենի թեկնածուից պահանջել այս ամենի նկատմամբ գործուն պատասխանատվության ստանձնում: Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այսօր, առավել ևս քան երբևիցե, արգելոցը լինելու է ինչպես նախարարության, այնպես նաև հասարակական կազմակերպությունների ուշադրության կիզակետում:  

Գաբրիել Պողոսյանը, գիտակցելով առկա դժվարությունները և ունենալով նաև լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին:

Այդ հիմքով իսկ կասեցվել է տնօրենի նշանակման գործընթացը:

Share