Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ՏԱՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 15 ՀԱԶԱՐ ՀԱՐԿԱՏՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ

ՀՀ բնակչությանն ու բիզնես ոլորտի ներկայացուցիչներին արդեն հասանել է էլեկտրոնային կառավարման 15 համակարգ: Մասնավորապես, էլեկտրոնային ստորագրություն, Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգեր, Հարկատու 3 համակարգ, էլեկտրոնային ռեգիստր՝ բիզնեսը գրանցելու համար, էլեկտրոնային աճուրդներ, էլեկտրոնային ոստիկանություն, էլեկտրոնային կադաստր, էլեկտրոնային վճարումներ, առցանց բյուջե, էլեկտրոնային լիցենզիաներ, առցանց դիմումներ կառավարությանը, «ԴատաԼեքս» և «Արլիս» համակարգեր, հարկային մարմիններ էլեկտրոնային հաշվետվությունների ներդրման համակարգ, էլեկտրոնային պատկերասրահ և նույնականացման քարտեր:

Ինչպես էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացման շրջանակներում 2008-2012թթ. իրականացված բարեփոխումների արդյունքները ներկայացնելիս նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը՝ ներկայում հանրապետությունում ներդրվել է 12 հազար նույնականացման քարտ, ինչի արդյունքում քաղաքացիները կունենան էլեկտրոնային ստորագրություն, առցանց կօգտվեն էլեկտրոնային ծառայություններից: Նույնականացման քարտում կլինի նաև մարդու բժշկական պատմությունը, որը կապահովի նաև ապահովագրական վճարների իրականացումը և պետական պատվերի ֆինանսավորումը: 

Տեղեկացվել է, որ պետական 40 մարմինների ներքին և միջկառավարական փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: 10 հազարից ավելի քաղծառայողներ ամեն օր օգտագործում են փաստաթղթաշրջանառության էլ-կառավարման համակարգը: Փաստաթղթերի 90 տոկոսը մշակվում է համակարգիչների միջոցով, 65 տոկոսից ավելին էլ փոխանակվում է էլեկտրոնային եղանակով: Հայաստանի ամենահեռավոր շրջաններ փաստաթղթերի առաքման ժամանակը կազմում է մեկ րոպեից պակաս:

Ըստ հրապարակված տվյալների՝ յուրաքանչյուր տարի 10 000-ից ավելի քաղաքացիներ առցանց դիմում են ՀՀ պետական մարմիններին, և յուրաքանչյուր տարի 20 000-ից ավելի քաղաքացիներ ՀՀ պետական մարմիններում իրենց դիմումներին հետևում են առցանց:

Իրավաբանական անձանց գրանցման մեկ պատուհանի համակարգի ներդրման արդյունքում գրանցումների 10 տոկոսը կատարվում է առցանց, ՍՊԸ-ների 65 տոկոսը գրանցվում է 30 րոպեից պակաս ժամանակում, ԱՁ-ների 85 տոկոսը գրանցվում է 10 րոպեից պակաս ժամանակում: Ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են առցանց: 

Հարկային հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային համակարգով 59 տեսակի հաշվետվությունների ձևեր ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, ինչը նպաստել է նաև հակակոռուպցիոն քաղաքականությանը: Այս տարի բացառապես էլեկտրոնային եղանակով հաշվետվություն են ներկայացրել 15.675 հարկատուներ, հանձնվել են 263.656 էլեկտրոնային հաշվետվություններ: 

Նշվել է նաև, որ ինտերակտիվ բյուջեի համակարգի միջոցով հնարավորություն է ստեղծվել առցանց տեսնել բյուջեի մուտքերը և ծախսերը: Այս տարի էլ գործարկվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգը, ինչը հնարավորություն է տվել պետական բոլոր վճարումները կատարել առցանց:

Share