Բաժին. Տնտեսական

ՍՊԻՏԱԿԻ ԾՆՆԴԱՏՈՒՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» կազմակերպության կողմից իրականացվող նորածնային խնամքի նախագծի շրջանակներում Սպիտակի ծննդատունը համալրվել է նորածնային խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներով:

Նորածնային խնամքի նախագծի շրջանակներում այս հիվանդանոցին տրմադրվել են հետևյալ սարքավորումները. վերակենդանացման սեղանիկ՝ ջերմահաղորդիչով, պուլսօքսիմետր, շարժական թթվածնային  բալոն, պայուսակ՝ հրատապ իրավիճակների  համար, տաքացվող  ներքնակ, արտածծիչ (սարքավորում արտածծման  համար): Այս սարքավորումները թույլ կտան պահպանել նորածնի մարմնի ջերմաստիճանը և կայունացնել կամ ապահովել օրգանիզմի կենսագործունեությունն այնքան ժամանակ, մինչև նա տեղափոխվի մարզկենտրոնի կամ Երևանի համապատասխան բուժհաստատություն: Կյանքի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող խնդիրներով տառապող երեխաները, որոնք ծնվելուց անմիջապես հետո համապատասխան խնամք կստանան, հետագայում կարող են այլևս չենթարկվել միջամտությունների: Եվ հենց այս սարքավորումներն են, որ երաշխավորում են նրանց առողջ ապագան:

«Սպիտակը Լոռու մարզի երկրորդ քաղաքն է, որն ընդգրկվել է նորածնային խնամքի ծրագրում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը միշտ առաջնորդվում է այն համոզմունքով, որ երկիրը դիտարկելիս չպետք է սահմանափակվել մայրաքաղաքի հոգսերով, և որ կյանքի որակի հավասար հնարավորություններ ապահովելու համար պետք է զարգանան նաև մարզերը: Այս նախագիծը ձեռնարկելու առաջին իսկ պահից գիտակցում էինք, որ մեզ մարտահրավերներով լի ճանապարh է սպասվում, սակայն  վճռական էինք, և մենք շարունակելու ենք  նախագիծն իրականացնել այնքան ժամանակ, մինչև վստահ լինենք, որ հատուկ հոգածության կարիք ունեցող յուրաքանչյուր նորածին ապահով է` հիվանդանոցներում տեղադրված անհրաժեշտ սարքավորումների շնորհիվ», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն հինգ տարի շարունակ համագործակցում է «BirthLink» ՀԿ հետ` նպաստելով Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Այս ժամանակահատվածում Երևանի և մարզերի ավելի քան 30 բժշկական կենտրոններում տեղադրվել է մոտ 360 մլն դրամ ընդհանուր արժողության սարքավորում: Մասնագետների հավաստմամբ` դրական արդյունքներն ակնհայտ են:

Ամեն տարի կյանքի առաջին տարվա ընթացքում աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն մանուկ: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացու ելքերի 65 տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, իսկ կեսից ավելին` առաջին 24 ժամվա ընթացքում:

Share