Բաժին. Տնտեսական

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՈՒՂՂՎԱԾ Է ՓՄՁ ՈԼՈՐՏԻՆ

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մշակվել և Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթ, որն ընդգրկում է կարգավորման մի շարք ուղղություններ:

Մասնավորապես, գործարար միջավայրի բարելավման նպատակով փաթեթով նախատեսվում է ավելացված արժեքի հարկ վճարող չհանդիսացող (ՓՄՁ) հարկատուների համար պարզ ընթացակարգերի սահմանում` կրճատելով նրանց կողմից հարկային մարմիններ ներկայացվող տեղեկությունների քանակը:  Ընդ որում, փաթեթով առաջարկվում է կրճատել ոչ միայն հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի քանակն, այլև դրանց ներկայացման պարբերականությունը: Առաջարկվում է նաև վերացնել հարկային մարմին առանձին փաստաթղթերի ներկայացման պահանջները, որոնց վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն առկա է հարկային մարմնի տեղեկատվական համակարգում: Նախատեսվում է նաև ընդլայնել հարկ վճարողների կողմից դուրս գրվող էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի քանակը` զուգահեռաբար նրանց ազատելով օրենսդրությամբ սահմանված առանձին գրքերի վարումից:

Հարկ է նշել, որ  ըստ առաջարկվող փաթեթի՝ հարկային հսկողության համար կիրառվող ուսումնասիրությունների երկու ռեժիմներից 2013թ. հունվարի 1-ից կգործի միայն մեկը, իսկ մյուս ռեժիմը հարկային մարմինը կկիրառի ոչ թե պարտադիր կարգով, այլ միայն հարկ վճարողի մոտ ռիսկերի առկայության դեպքում: Հարկվող շրջանառությունը պակաս ցույց տալու կամ սահմանված չափից ավել հաշվանցումներ կատարելու համար առաջարկվում է կիրառել պատասխանատվության կիրառման արդարացի մեխանիզմ:

Մյուս հիմնական ուղղությունը` հարկային պլանավորման հնարավորությունների սահմանափակման, սողանցքների վերացման, ստվերային շրջանառությունների կրճատման ու հսկողության մեխանիզմների կատարելագործմանն ուղղված փոփոխություններ են: Այսպես, առաջարկվում է հարկային օրենսդրության պարզեցմանը զուգահեռ կատարելագործել հարկային հսկողության մեխանիզմները և թիրախավորել այն հարկ վճարողներին, որոնց մոտ հնարավոր են հարկային օրենսդրության խախտումներ: Հարկային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է որոշ ապրանքների համար սահմանել պարտադիր պիտակավորման պահանջ: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել չհայտարարագրված իրացումների բացահայտման գործուն մեխանիզմներ:

Հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթում ներառված են նաև հարկային օրենսդրական դրույթների հստակեցմանն ուղղված մի քանի տասնյակ փոփոխություններ: Մասնավորապես, նախատեսվում է քաղաքացիների համար հստակեցնել հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չհամարվող գործարքները, մասնավորապես` գույքի վարձակալությունը, անհատույց օգտագործումը, ոչ նյութական ակտիվների օտարումը և տոկոսների ստացումը: Առաջարկվում է հստակեցնել նաև առևտրային զեղչերի կիրառման, գերնորմատիվային կորուստների հաշվառման, վառելիքի համար կատարված ծախսի նորմաների, գույքի օտարման, առանձին հարկատեսակների հաշվանցման, գույքի վերագնահատման  հետ կապված բազմաթիվ հարցեր:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի պարզաբանմամբ՝ օրենսդրական փոփոխությունների այս փաթեթի հիմնական ուղղություններից մեկը փոքր և միջին բիզնեսին է առնչվում: ՊԵԿ-ն առաջարկում է  կիրառել շրջանառության հարկ, որն, ըստ Վախթանգ Միրումյանի, կփոխարինի ներկայում գործող շահութահարկին, ինչը տարբեր գնահատականներով ծախսատար է բիզնեսի համար. այսօր ՓՄՁ սուբյեկտները շուրջ 17.2 տոկոս իրացման շրջանառությունից կախված բեռ են կրում այն ծախսերի գծով, որոնք կատարում են, որպեսզի իրենց հաշվառումը կատարվի օրենսդրության համապատասխան: Շրջանառության հարկով ՊԵԿ-ը բիզնեսին առաջարկում է պարզագույն հաշվարկ` դրանով իսկ զերծ պահելով հարկային և հաշվապահական հաշվառում կատարելու պարտավորությունից: «Շրջանառության հարկի մասին» նախագծով առաջարկվում է ճիշտ այնքան դրույքաչափ, որքան շահութահարկով է նախատեսված. 3.5 տոկոս` առևտրի ոլորտում, իսկ 5 տոկոս` այլ ոլորտներում գործունեություն իրականացնողների համար:

Վախթանգ Միրումյանի խոսքերով՝ անհամեմատ կկրճատվեն նաև  ՓՄՁ-ների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունները, մասնավորապես  իրացման շրջանառությունից բխող հաշվետվությունները 13-ից կհասցվեն ընդամենը 4-ի: Օրենսդրական փոփոխությունների մյուս հիմնական ուղղությունը հարկային վարչարարության կատարելագործման և հսկողության գործիքների թիրախավորված ուժեղացմանն է վերաբերում: Գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից, կոմիտեի նախագահի տեղակալի խոսքերով, ՊԵԿ-ն առաջարկել է վերանայել որոշ հարկատեսակների գծով պատասխանատվության նորմեր և դրանց մեծությունը կապել ուղղակիորեն  պետբյուջե վճարվող հարկի մեծության հետ:

Share