Տնտեսական

Հնդկաստանը մտադիր է հինգ տարում եռապատկել իր ռազմարդյունաբերական արտադրանքն ու արտահանումը

Հնդկաստանի իշխանություններն ակնկալում են, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում երկրի ռազմարդյունաբերական համալիրի ընդհանուր արտադրությունը և պաշտպանական արտադրանքի արտահանումը կեռապատկվի։ Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգը։

2022-2023 ֆինանսական տարում Հնդկաստանի ռազմարդյունաբերական համալիրների արտադրության ծավալը երկրի պատմության մեջ առաջին անգամ կազմել է ավելի քան 12 միլիարդ դոլար: Սինգի խոսքով՝ Հնդկաստանը մտադիր է էլ ավելի մեծացնել արտադրությունը և արտահանումը:

«Հնդկաստանը նախկինում զենք ներկրող երկիր էր, բայց այսօր վարչապետ Նարենդրա Մոդիի օրոք մենք դուրս ենք եկել մեր հարմարավետության գոտուց և հայտնվել զենք արտահանող երկրների 25-ի մեջ: Յոթ-ութ տարի առաջ պաշտպանության արտահանումը 120 միլիոն դոլարից պակաս էր: 2028-2029 ֆինանսական տարում պաշտպանական արդյունաբերության ընդհանուր տարեկան արտադրանքը կկազմի 36 միլիարդ դոլար, իսկ պաշտպանական տեխնիկայի արտահանումը կկազմի 6 միլիարդ դոլար»,- նախարարի ելույթից մեջբերում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն ենթադրում է ծախսերի ավելացում մինչև 74.8 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 71.5 միլիարդ դոլարի դիմաց։ Բյուջեի ամենամեծ բաժինը ստացել է պաշտպանության նախարարությունը:

Share