Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ՔԱԳՎ) խորհրդակցություն է անցկացրել` քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն պետի, Արարատի եւ Արմավիրի մարզպետների, Երեւանի փոխքաղաքապետի, “Արմենիա” միջազգային օդանավակայաններ” և “Արմավիա” ընկերությունների ղեկավարության, ինչպես նաեւ “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում համապատասխան գործառույթներ իրականացնող պետական կառույցների ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել են օդանավակայանի հեռանկարային զարգացման ծրագրի նախագիծը, օդանավակայանում պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված հարցեր:

Օդանավակայանի զարգացման ծրագրի նախագծի համատեքստում քննարկումներ են ծավալվել օդանավակայանի զարգացման հեռանկարների, օդանավակայանի տարածքում ազատ տնտեսական գոտու զարգացման, գործող տերմինալների ընդլայնման, օդանավակայան տանող երկաթուղային եւ տրանսպորտային նոր գծերի կառուցման հնարավորությունների շուրջ: Որոշվել է, որ օդանավակայանի ղեկավարությունը, Արարատի եւ Արմավիրի մարզպետարանների, Երեւանի քաղաքապետարանի, շահագրգիռ այլ մարմիների հետ կշարունակի աշխատել ծրագրի նախագծի վրա եւ լրամշակելուց հետո կներկայացնի կառավարություն:

Օդանավակայանի ղեկավարությունը նաեւ տեղեկացրել է “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության հետ դեպի օդանավակայան տանող նոր երկաթուղային գծի կառուցման ուղղությամբ քննարկումների ընթացքի մասին:

Կարեւորվել է, որպեսզի օդանավակայանում ծառայություններ մատուցող համապատասխան մարմինները սպասարկման պատշաճ որակ ապահովեն` հարմարավետ պայմաններ ստեղծելով ուղեւորների համար, ինչը կարեւոր է նաեւ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Փոխվարչապետը նաեւ դրական է գնահատել նշված մարմինների միջեւ վերջին տարիներին ձեւավորված արդյունավետ համագործակցությունը:

Անդրադարձ է եղել նաեւ “Արմենիա” միջազգային օդանավակայաններ” եւ “Արմավիա” ընկերությունների միջեւ փոխհարաբերություններին եւ նրանց կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին:

Share