Բաժին. Տնտեսական

ՍԻՐԻԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՀՀ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՎ

ՀՀ սփյուռքի նախարարությունը հերթական  հանդիպում-խորհրդակցությունն էր կազմակերպել սիրիահայ և հայաստանյան գործարարների, հասարակական ու  պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Սիրիահայ գործարարները հետաքրքրություն են հանդես բերել թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումներ ու գործունեություն ծավալելու ուղղությամբ:

Հայաստանյան թեթև արդյունաբերության ոլորտը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության  քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանը: Նա տեղեկացրել է, որ մեր երկրում նշված ոլորտն ունի կայացած ավանդույթներ և զարգացման հեռանկարներ: Ներկայումս Հայաստանի Հանրապետության  արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության  ռազմավարությունում զգալի տեղ է հատկացվում ոլորտի բարեփոխումներին ու հեռանկարներին: Հ. Միրզոյանի խոսքով՝  պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բարեփոխվում է օրենսդրությունը, նոր միջազգային պայմանագրերի արդյունքում համագործակցության հնարավորություններ են ստեղծվում  հայաստանյան արտադրողի և հեղինակավոր բրենդային ընկերությունների միջև:

Խորհրդակցությանը ներկա «WKF Արմենիա» ընկերության հիմնադիր Քրիստիան Գելնջին, ով  վերջին 5 տարիներին մշտական բնակություն է հաստատել Հայաստանում, կարծիք է հայտնել, որ այստեղ գործ դնելը հեշտ է, պարզապես պետք է իրավական տեսանկյունից լուրջ մոտենալ խնդրին. «Հայաստանյան գործարար միջավայրը նման չէ սիրիականին, սակայն կարող եմ ասել, որ մեր համակարգն իրավական տեսանկյունից ավելի մոտ է եվրոպականին»: Նա ներկաներին պատմել է իր բիզնեսի պատմությունը՝ մասնավորեցնելով, որ առաջին անգամ  1992թ.-ին է փորձ արել հայկական միջավարում գործունեություն ծավալել, սակայն  ձախողել է՝ չկայացած իրավական ու օրենսդրական համակարգի, անվստահելի գործընկերներին լսելու պատճառով: Մինչդեռ 2007թ.-ին փորձը հաջող ընթացք է ունեցել: Ներկայումս նրա գործարաններն աշխատում են Հայաստանի 3  մարզերում՝ 700 հոգու աշխատանք ապահովելով, նորանոր միջազգային շուկաներ գրավելով ու հայկական բրենդն աստիճանաբար ճանաչելի դարձնելով:

Հանդիպմանը մասնակից գործարարները սիրիահայերին ներկայացրել են իրենց գործունեությունը, ունեցած ձեռքբերումները, հայաստանյան թեթև արդյունաբերության ոլորտի առանձնահատկությունները: Հայ արտադրողները ներկայացրել են իրենց բիզնեսի զարգացմանը  խանգարող իրավական օրենսդրական թերությունները, սակայն նշել են, որ աստիճանաբար կանոնակարգվում է իրավական ոլորտը,  իրենց ձեռնարկատիրությանը նպաստող փոփոխություններ են նկատվում: Հայ գործարարները  կոչ են արել միանալ ու ներդրումներ անել  բիզնեսի այս ոլորտում՝ ֆինանսներից բացի ներմուծել նաև սիրիական բիզնես-մշակույթ և հմտություններ:

Share