Բաժին. Տնտեսական

ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ՆՎԱԶԵԼ Է

Նոյեմբերին պարենի համաշխարհային գների ինդեքսը (Food Price Index, FFPI), որը ցույց է տալիս պարենային զամբյուղում ընդգրկված հիմնական ապրանքների համաշխարհային գների ամսական փոփոխությունը, հասել է իր նվազագույն մակարդակին՝ վերջին շուրջ 5 ամսվա կտրվածքով: Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպությունը՝ նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, պարենի համաշխարհային գների ինդեքսը նվազել է 1.5%-ով, 2011 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ՝ 3%-ով և կազմել 211 կետ:

Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հացահատիկի գների ինդեքսը նվազել է 1.5%-ով, սակայն 2011 թվականի նոյեմբերին գրանցված ցուցանիշը գերազանցում է շուրջ 12%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպությունը վերանայել և արդյունքում կրճատել է ընթացիկ տարվա համար հացահատիկի համաշխարհային արտադրության ծավալի կանխատեսումը՝ այն սահմանելով 2.282 մլրդ տոննա:

Նշենք նաև, որ նոյեմբերին շաքարավազի գների ինդեքսը կրճատվել է 4.8%-ով:

Share