Տնտեսական

Իրանը հայտարարել է, որ էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը պատժամիջոցների պատասխանն է

Էներգետիկ ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը պատժամիջոցների պատասխանն է: Shana գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Մեջլիսի էներգետիկայի հանձնաժողովի անդամ Սեյեդ Մուսի Մուսավին։

«Ռուսաստանը և Իրանը ռազմավարական գործընկերներ են: Էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել: Սա հիանալի հնարավորություն է բոլոր պատժամիջոցներին կոշտ պատասխան տալու համար՝ հաշվի առնելով, որ Իրանը բոլոր կողմերից շրջապատված է նավթի, բենզինի և այլ նավթամթերքի կարիք ունեցող երկրներով»,- նշել է Մուսավին:

Անդրադառնալով Ռուսաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ձեռքբերված արդյունքներին, նա ասել է, որ ներկա պայմաններում «նավթի արտահանման ավելացումը, հարևան երկրների հետ համագործակցության ընդլայնումը և էներգետիկ ու տնտեսական դիվանագիտության աշխուժացումը լավ հեռանկարներ ունեն»։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին Թեհրանում կայացել է Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի և Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջիի նախագահությամբ։

Share