Տնտեսական

ՄՊՀ-ն հրապարակել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ իրականացված ծխախոտի արտադրանքի ոլորտի ուսումնասիրությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ իրականացված ծխախոտի արտադրանքի ոլորտի ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել վերջին տարիներին ոլորտի կառուցվածքային և օրենսդրական փոփոխությունները։ Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են «Սիգարետ», «Տաքացվող և էլեկտրոնային ծխախոտ» ապրանքային շուկաները:

Կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանի խոսքով՝ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ «Ամբերդի» համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի, և ՄՊՀ-ն մշտապես տարբեր հարթակներում շեշտում է այդ համագործակցության արդյունավետության մասին, ինչը ուրախալի է։ «Այս հետազոտության մեջ թիրախային անդրադարձ է եղել ծխախոտի, սիգարետի և դրանց փոխարինիչների արտադրությանը և ներմուծմանը, առաջադրվել են բարելավմանն ուղղված հասցեական մեխանիզմներ»,- asue.am-ին ասաց Դավիթ Հախվերդյանը՝ անդրադառնալով հետազոտությանը և այդ մասին մամուլի բազմաթիվ հրապարակումներին։

Ինչպես տեղեկանում ենք հանձնաժողովի կայքից, ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ․

  • սիգարետի ներմուծման ծավալները 2022 թ․, 2019-ի համեմատ, կրճատվել են շուրջ 30%-ով, մինչդեռ նույն ժամանակահատվածում տաքացվող և էլեկտրոնային ծխախոտների ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար մոտ 3 և 77 անգամ։
  • Ծխախոտային արտադրանքի արտահանման ծավալները 2022 թ․ շուրջ 16%-ով աճել են 2021-ի համեմատ, ինչը մեծապես պայմանավորված է սիգարետի արտահանման ծավալների ավելացմամբ։
  • Էլեկտրոնային և տաքացվող ծխախոտների արտադրություն Հայաստանում չի իրականացվում, այլ ամբողջությամբ ներմուծվում է: Մինչդեռ սիգարետի մասով ՀՀ-ն ամբողջությամբ ինքնաբավ է և առավելապես հանդիսանում է սիգարետ արտահանող երկիր։ Տեղական արտադրությունը մոտ 12 անգամ գերազանցում է ներմուծման ծավալը:

Արձանագրված խնդիրներ և առաջարկվող լուծումներ

  • Ի տարբերություն սիգարետների և էլեկտրոնային ծխախոտների՝ տաքացվող ծխախոտը չի ներառվում Հարկային օրենսգրքով սահմանվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։ Հանձնաժողովը գտնում է, որ ոլորտում հավասար և բարեխիղճ մրցակցային պայմանների, ինչպես նաև հարկային վարչարարության պատշաճ իրականացման և ԵԱՏՄ գործող իրավական ակտերին համապատասխանության տեսանկյունից նպատակահարմար է տաքացվող ծխախոտը ևս ներառել պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։
  • Տաքացվող ծխախոտային արտադրանքը դասակարգվում է որպես ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչ, սակայն շարունակում է կարգավորվել ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգով։
  • Թեև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվության տրամադրման համայնքի ղեկավարի լիազորությունը, սակայն որևէ իրավական ակտով չի կարգավորվում թույլտվության տրամադրման գործընթացը։

Ուսումնասիրությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Share