Բաժին. Տնտեսական

ՔՈՒՎԵՅԹԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՋԱԿՑԵԼ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բասսամ Մոհամմեդ ալ Քաբանդիին, Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության  ղեկավար Մոհամմեդ Ս. Մ. Աբուգեյթին, «Քուվեյթ Նյուզ» գործակալության գլխավոր խմբագիր Համեդ ալ-Ամիրիին: Հանդիպմանը քննարկվել են Քուվեյթի կողմից սիրիահայերին աջակցության ծրագրերը:  

Նախարար Հ. Հակոբյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրները և աջակցության ծրագրերն իրականացնելու այն անհրաժեշտ ուղղությունները, որոնց առանձնահատուկ ուշադրություն և առաջնահերթություն պետք է հատկացնել: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս Հայաստանում գտնվող սիրիահայերի համար շարունակում են առաջնահերթ մնալ բնակարան, աշխատանք և կայուն եկամուտ ունենալու խնդիրը: Սիրիահայերը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ հիմնել են իրենց հասարակական կազմակերպութույնը` «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը», որի աշխատանքների շրջանակում բացահայտվում և գնահատվում են սիրիահայերի կարիքներն ու առաջնահերթ հիմնախնդիրները, ապա դրանք ներկայացվում են տարբեր  բարեգործական կազմակերպությունների, որի արդյունքում որոշակիորեն լուծվում են նրանց հագուստի, պարենային մթերքների ձեռքբերման հարցերը:

Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության  ղեկավար Մուհամեդ Ս. Մ. Աբուգեյթին տեղեկացրել է, որ իրենք ցանկություն ունեն տեղում` ՀՀ սփյուռքի նախարարության օժանդակությամբ, ուսումնասիրել իրավիճակը, որոշել սիրիահայերին տրվող օժանդակության ձևն ու չափը:

Նախարար Հ. Հակոբյանը խորհուրդ է տվել Հայաստանում գտնվող սիրիահայերի համար իրականացնել երկարաժամկետ և մնայուն ծրագրեր՝ նկատի ունենալով բնակարանների անհրաժեշտությունը: Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության  ղեկավար Մուհամեդ Ս. Մ. Աբուգեյթը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել նախարարի կողմից արված առաջարկները՝ միաժամանակ նշելով, որ իրենք, այնուամենայնիվ, ցանկություն ունեն հատկապես երեխաներին  ապահովել տաք հագուստով, դեղորայքով և պարենային մթերքներով:

Հանդիպման ավարտին  որոշվել է նպատակակետ ընդունել 200 առավել կարիքավոր ընտանիքներին առաջին անհրաժեշտության պարենամթերքով, տաք հագուստով կամ ծածկոցներով ապահովումը: Սփյուռքի նախարարության օգնությամբ նրանք տեղում կուսումնասիրեն և կծանոթանան իրավիճակին, այնուհետև անհրաժեշտության դեպքում  նոր մոտեցումներ կորդեգրեն:

Նշենք, որ նախորդ հանիպման ժամանակ դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդին նախարարին տեղեկացրել էր, որ իր՝ Քուվեյթ կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում գտնվող սիրիահայերին 100.000 ԱՄՆ դոլարի սահմաններում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: 

Share