Բաժին. Տնտեսական

ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ՍԻՐԻԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնում շարունակվում են սիրիահայերին օժանդակելու ջանքերի համախմբմանը և համակարգմանն ուղղված հանդիպումները, որոնց շրջանակներում միջազգային և տեղական կազմակերպություններն ու միությունները քննարկում են, թե ինչպես և ինչ չափով կարող են աջակցել Հայաստան եկած սիրիահայերին: 

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ կենտրոնին արդեն դիմել է 70 սիրիահայ: Նրանցից 36-ը ցանկանում է զբաղվել բիզնեսով և ակնկալում են վարկ ստանալ, ինչի համար անհրաժեշտ կլինի մշակել գործարար ծրագրեր: 10 ոսկերիչ սիրիահայ ցանկանում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ 24 արտադրող սիրիահայ ցանկանում է Հայաստանում զբաղվել ձեռնարկատիրությամբ: Առաջարկվել է ստեղծել ընդհանուր տվյալների բազա, որտեղ նշված կլինեն սիրիահայերի կարողությունները և ունակությունները: Սիրիահայերը նաև առաջարկել են միավորել ամբողջ հայ ժողովրդի ջանքերը, որպեսզի Հայաստանն ունենա չինական արտադրանքի գնով եվրոպական որակի արտադրանք, ինչն ըստ նրանց, հնարավոր է:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետները տեղեկացրել են, որ կարիքների բացահայտման ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սիրիահայերն ունեն տեղեկատվական, խորհրդատվական, ուսուցողական, սկսնակ գործարարների, ֆինանսական և բիզնես պլաններ կազմելու աջակցության կարիք: Կենտրոնը պատրաստ է սիրիահայերին տրամադրել տեղեկատվություն շուկայի, անշարժ գույքի շուկայի վերաբերյալ (վաճառք/վարձակալություն), տեղեկատվություն հումքի և սարքավորումների վերաբերյալ (ներկրում/ներմուծում), իրացման շուկաների վերաբերյալ, այդ թվում՝ դեպի Ռուսաստան, տեղեկատվություն Հայասանում գործող կազմակերպությունների/գործարար միջավայրի վերաբերյալ: ՓՄՁ ԶԱԿ-ը պատրաստ է նաև սիրիահայերին տրամադրել աջակցություն անհատական խորհրդատվության, հարկային խորհրդատվության, մաքսային խորհրդատվության, գործարար ծրագրի մշակման և վարկի տրամադրման հարցում:   

Նշենք, որ սիրիահայերի համար գործելու են արտոնյալ վարկային պայմաններ. Գումարը՝ մինչև 5 մլն ՀՀ դրամ, ժամկետը՝ 3-5 տարի, տարեկան տոկոսադրույքը՝ 5%, գրավը՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող 100% երաշխավորություն:

Share