Բաժին. Տնտեսական

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ նորանշանակ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին:

Շնորհավորելով Անտոնիո Ալոնզիին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կզարգանա Հայաստանի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև համագործակցությունը և հավաստիացրել, որ արտաքին գործերի նախարարությունը ամենայն աջակցություն կցուցաբերի նրա գործունեությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Անտոնիո Ալոնզին վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ընդլայնելու, Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ու Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության բազմամյա համագործակցության և հնարավոր նոր նախագծերի իրականացման շուրջ:

Share