Տնտեսական

ԱՄՆ-ն մտադիր է խստացնել ամերիկյան տեխնոլոգիաների ոլորտում Չինաստանի մուտքի սահմանափակումները

ԱՄՆ-ն մտադիր է «անել հնարավորը»՝ արգելափակելու Չինաստանի մուտքը ամերիկյան տեխնոլոգիաների, կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

«Մենք չենք կարող թույլ տալ Չինաստանին օգտագործել մեր ամենաառաջադեմ տեխնոլոգիաները՝ ներառյալ կիսահաղորդիչները և արհեստական ​​ինտելեկտը, իր ռազմարդյունաբերական համալիրը զարգացնելու համար: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ մեր ժողովրդին պաշտպանելու համար, այդ թվում՝ ընդլայնելով արտահանման վերահսկողությունը», – ասել է ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն:

Հիշեցնենք՝ ԱՄՆ Առևտրի նախարարությունը 2023-ի հոկտեմբերի 17-ին հայտարարեց 13 չինական ընկերությունների սև ցուցակում ընդգրկելու և Չինաստանին կիսահաղորդիչների վաճառքի արտահանման սահմանափակումների ընդլայնման մասին։ Ենթադրվում է, որ այդ ձեռնարկությունները «գործում են ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին հակառակ»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2022 թվականին ստորագրել է «Չիպերի և գիտության մասին» օրենքը, որը նախատեսում է 52.7 միլիարդ դոլարի հատկացում կիսահաղորդիչների արտադրության զարգացման համար, ինչը պետք է Միացյալ Նահանգներին առավելություն տա Չինաստանի նկատմամբ տեխնոլոգիական մրցավազքում: Իսկ 2022-ի հոկտեմբերին Միացյալ Նահանգները հայտարարեց դեպի Չինաստան առաջադեմ կիսահաղորդչային սարքավորումների արտահանման սահմանափակումների մասին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share