Բաժին. Տնտեսական

«ԱՄԵՐԻԱ» ԽՄԲԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՎԱՔՎԵԼ Է 35 ՄԼՆ ԴՐԱՄ

«Ամերիա» ընկերությունների խումբը ձևավորել է ավանդույթ. Ամանորի շեմին «Ամերիա»-ն կազմակերպում է բարեգործական աճուրդ` ուղղված հիվանդ երեխաների բուժմանը:

Դեկտեմբերի 11-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել բարեգործական 3-րդ աճուրդը, որի հասույթն ուղղվելու է պատանեկան իդիոպաթիկ արթրիթ, հեմատոլոգիական և քաղցկեղային հիվանդություններ ունեցող 15 երեխայի բուժմանը, ովքեր գրանցված են «Օգնեմ», «Նվիրիր կյանք» և «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում:   

Այս տարի «Ամերիա» ընկերությունների խումբը «Անտիկյան» պատկերասրահի աջակցությամբ միավորել է գործարար աշխարհի և ժամանակակից արվեստի ներկայացուցիչների ուժերը` միասնաբար օգնելու երեխաներին, այն երեխաներին, ովքեր ամեն օր կյանքի համար դժվարին պայքար են մղում` սպասելով հրաշքի:  

Աճուրդին ներկայացվել է ժամանակակից հայ անվանի արվեստագետների  թվով 24 գործ: Արվեստագետների շարքում են Գափոն, Թենի Վարդանյանը, Մարինա Դիլանյանը, Արշակ Սարգսյանը, Ստեփան Վերանյանը, Սամվել Սաղաթելյանը, Արա Ալեքյանը, Սպարտակ Գևորգյանը, Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը, Արմեն Գևորգյանցը, Սահակ Պողոսյանը, Արարատ Սարգսյանը, Սամվել Չիբուխչյանը, Անատոլի Պապանյանը, Սարգիս Համալբաշյանը, Լևոն Ազատյանը, Նորա Բադալյանը, Սերյոժա Վարդանյանը, Վահագն Համալբաշյանը, Ռաֆայել Մեգալլը, Սարգիս Վարդանյանը, Տիգրան Մատուլյանը: 

Աճուրդի արդյունքում հավաքվել է 35.120.875 ՀՀ դրամ, որը կրկնապատկվել է «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից: Առանձին  հանգանակումներից հավաքագրվել է ևս 6.321.275 ՀՀ դրամ, և արդյունքում օգնության ամբողջ գումարը կազմել է 76.563.025 դրամ: Նշենք, որ հանգանակումները դեռ շարունակվում են: 

«Ամերիա» ընկերությունների խումբը շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց և կառույցներին, որոնք միացան Ամերիայի նախաձեռնությանը` վառ երանգներով գունավորելու մեր մանուկների երազանքը, որոնց յուրաքանչյուր օրը լի է սպասումով` հրաշքի սպասումով: Միասնական ջանքերով հնարավոր է դարձել հավաքել այնքան գումար, որը կազմել է նախորդ երկու տարիների բարեգործական միջոցառումների արդյունքում հավաքագրված գումարի գրեթե կրկնապատիկը: «Ամերիա» ընկերությունների խումբը հանրությանը կներկայացնի մանրամասն հաշվետվություն գումարների օգտագործման ուղղությունների վերաբերյալ` կոնկետ նշելով, թե որքան գումար է փոխանցվելու յուրաքանչյուր երեխայի բուժման համար:

Այն բոլոր անհատները և կազմակերպությունները, ովքեր ցանկություն ունեն միանալու Ամերիայի նախաձեռնությանը` կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400  բարեգործական հաշվեհամարին` օգնության ձեռք մեկնելով հիվանդ երեխաներին, որոնց ամեն օրը պայքար է, կյանքի պայքար:

Share