Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիեթ Ահրենսին:

Քննարկվել են Եվրոպական Միության հետ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում իրականացվող համագործակցության հարցերը: Մասնավորապես, քննարկվել են աշխատանքային միգրացիայի ուղղությամբ տարվող աշխատանքները և համագործակցության շրջանակները, ինչպես նաև երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի ընթացքը:

Նախարարը բարձր է գնահատել Եվրոպական Միության հետ համագործակցությունը և ոլորտի բարեփոխումների գործընթացին ԵՄ կառույցների կողմից ցուցաբերվող աջակցությունը: Նա հյուրերին ներկայացրել է ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործընթացը: Գոհունակություն հայտնելով բարեփոխումների գործընթացում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ` նախարարը մեծապես կարևորել է մյուս գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Պարոն Հրիստեան շնորհակալություն է հայտնել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտի տարբեր ուղղություններով իրականացվող համագործակցության համար, բարձր գնահատել իրականացվող բարեփոխումները և արձանագրած առաջընթացը: Կարևորելով ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործընթացը` դեսպանը պատրաստակամություն է հայտնել դիտարկել այս ուղղությամբ համագործակցության հնարավոր եզրերը:

Share