Տնտեսական

ԵՄ կողմից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումները ճակատագրական կլինեն Ուկրաինայի համար

Եվրամիության կողմից Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումը 2021 թվականի մակարդակին հասցնելը ճակատագրական կլինի երկրի տնտեսության համար։ Այս մասին ասել է Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Տարաս Կաչկան։

Պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ շուկայում սահմանափակումները միայն կհանգեցնեն «երրորդ երկրներից ներմուծման ավելացմանը»։

«Մեզ համար իսկապես մեծ առեղծված է, թե ինչպես այս սահմանափակումները կարող են ինչ-որ բան լուծել», – ասել է ուկրաինացի պաշտոնյան:

Politico-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի, ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի միջև բանակցությունները նախատեսված են մարտի 19-ին, որոնց նպատակն է փոխզիջում գտնել ուկրաինական ներմուծման հարցում։

Նախօրեին Եվրախորհրդարանը համաձայնություն չտվեց Եվրահանձնաժողովի՝ Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների անմաքս ներմուծման ռեժիմը ևս մեկ տարով երկարաձգելու առաջարկին։ Փաստաթուղթն ուղարկվել է Եվրախորհրդարանի միջազգային առևտրի կոմիտե՝ վերանայման։ Միաժամանակ պատգամավորները ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել Մոլդովայից ԵՄ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման մեկ տարով երկարաձգմանը։

Share