Բաժին. Տնտեսական

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԳԱԶԻ ՋԵՐՄԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ 8000 ԿԿԱԼ/Մ3-Ի ՑԱԾՐ Չէ

«ՀայՌուսգազարդ» ընկերության նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան՝ «Բնական գազի ջերմատվություն և որակական հատկանիշներ» թեմայով, որին մասնակցել են «ՀայՌուսգազարդ»-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Ազգային չափագիտության ինստիտուտի, սպառողների շահերը պաշտպանող մի շարք հասարակական կազմակերպությունների, «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ-ի, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի, ջերմոցային տնտեսությունների միության ներկայացուցիչներ, ֆերմերներ, փորձագետներ:

«ՀայՌուսգազարդ»-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը կլոր սեղանի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի շուկայում մատակարարվող բնական գազի որակական հատկանիշները՝ ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին: «Նշված ստանդարտի համաձայն, սպառողներին մատակարարվող մեկ խորանարդ մետր բնական գազի ջերմատվությունը չի կարող լինել 7600 Կկալ ցածր: Հայաստանի բնակչությանը մատակարարվող բնական գազի ջերմատվության արժեքը մեկ խորանարդ մետրում 8000 կիլոկալորիայից ցածր երբեք չի եղել», – նշել է Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետը:

Հ.Թադևոսյանը շեշտել է, որ «ՀայՌուսգազարդ»-ն ունի հավատարմագրված ստացիոնար և շարժական լաբորատորիաներ, որտեղ կանոնավոր կերպով կատարվում են բնական գազի որակական հատկանիշների ստուգումներ: Բացի «ՀայՌուսգազարդ»-ից, նման լաբորատորիաներ ունեն Հայաստանի խոշորագույն գազ սպառողները, այդ թվում Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը և «Արարատցեմենտ» գործարանը, որոնց հետ սահմանված աշխատանքային կարգով իրականացվում են ամենօրյա փոխադարձ ստուգումներ:

Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետը նաև նշել է, որ յուրաքանչյուր տասնօրյակը մեկ «ՀայՌուսգազարդ»-ը մամուլում հրապարակում է ըստ տարածքների մատակարարված բնական գազի ջերմատվության միջին արժեքների մասին տեղեկատվություն: Այդ տեղեկությունները հաշվետվության տեսքով ներկայացվում են նաև ՀԾԿՀ:

Հ.Թադևոսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ գազի որակի մասին տեղեկատվությունը հասանելի է բոլորին, միաժամանակ նշելով՝ որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը միշտ պատրաստ է պարզաբանումներ ներկայացնել բնական գազի որակական հատկանիշներին առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ և պատրաստակամ է շահագրգիռ կողմերի առաջարկությամբ և մասնակցությամբ գազի որակական հատկանիշների հետազոտություն իրականացնել ցանկացած ժամանակ և ցանկացած հասցեում:

Ծավալված քննարկման ընթացքում պատասխաններ են տրվել նաև սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:

ՀԿ-ների ներկայացուցիչները, ամփոփելով քննարկման արդյունքները, նշել են, որ հարցի հետ կապված իրազեկման անհրաժեշտություն կա և առաջարկել են իրենց մասով աջակից լինել այդ գործում:

Քննարկումից հետո ՀԿ-ների ներկայացուցիչներն այցելել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի լաբորատորիա, որտեղ նրանց ներկայությամբ իրականացվել է բնական գազի որակի հետազոտություն:

Share