Լեհաստանի իշխանությունները նախատեսում են դադարեցնել երկրի տարածքով ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի այն կատեգորիաների տարանցումը, որոնց ներմուծումը Վարշավան ավելի վաղ արգելել էր։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի գյուղատնտեսությանփոխնախարարը՝ Եվրոպական գյուղատնտեսական ֆորումում բողոքող ֆերմերների հետ բանակցություններից հետո։
«Գյուղատնտեսության նախարարը կդիմի Նախարարների խորհրդին՝ խնդրելով դադարեցնել Ուկրաինայից ապրանքների տարանցումը Լեհաստանի տարածքով, որոնց ներմուծման վրա էմբարգո կա», – նա նշել է, որ Ուկրաինայից տարանցման արգելքը կտարածվի ցորենի, եգիպտացորենի և ալյուրի վրա։
Արգելքի կիրառումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, իսկ մինչ այդ Վարշավան և Կիևը համապատասխան համաձայնագիր կմշակեն երկու երկրների միջև առևտրի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ փետրվարի 9-ին լեհ ֆերմերները սկսել են լայնածավալ բողոքի ցույցեր և շրջափակել Ուկրաինայի հետ սահմանի անցակետը։ Նրանք պահանջում են սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել Ուկրաինայից էժան գյուղմթերքների ներմուծումը, ուժեղացնել ազգային անասնաբուծության աջակցությունը, ինչպես նաև անհամաձայնություն հայտնել Եվրամիության «Կանաչ գործարքի» ռազմավարությանը, որը նախատեսում է մինչև 2050 թվականը ածխածնի արտանետումների զրոյականացում: