Բաժին. Տնտեսական

ԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն առանց պետական գրանցման, լիցենզիայի և հարկային մարմիններում հաշվառվելու մի շարք դեպքեր են բացահայտել Երևանում և մարզերում:

Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ Մամուլի ծառայությունից՝ ոսկերչական ապօրինի գործունեության դեպք է հայտնաբերվել Կոտայքի մարզի Քանաքեռ-ավանում, որտեղ Անդրեյ Մանուչարյանը սեփական տան նկուղային հարկում ոսկյա իրեր էր զոդում և փայլեցնում:

Ուսումնասիրելով ձեռնարկատիրական գործունեության հանգամանքները՝ հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները պարզել են նաև, որ Երևանում Հարություն Ղամբարյանը հարկային դաշտից դուրս հիգիենայի պարագաների արտադրությամբ է զբաղվել, Արման Սարգսյանը` կահույքի, իսկ Ռոբերտ Չեսմեջյանն՝ ամրակների ապօրինի արտադրությամբ:

Մեկ այլ դեպքով էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն առանց ակցիզային դրոշմանիշների «Գլորիա» տեսակի 450 տուփ սիգարետի և տարբեր տարողությամբ ու ապրանքանիշերով 300 շիշ գինու և ավելի քան 1000 շիշ կոնյակների վաճառք են կանխել:

Share