Բաժին. Տնտեսական

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 13-ՐԴ ՆԻՍՏԸ

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 13-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նիստին քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգը, ամփոփվել են այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները, անդրադարձ է կատարվել հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին:

Նախարար Նալբանդյանը նիստի ընթացքում իր ելույթում նշել է, որ ԵՄ հետ հարաբերությունները կարևոր տեղ են զբաղեցրել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում և վերահաստատել է մտադրվածությունը էլ ավելի խորը համագործակցություն հաստատել Միության հետ։ Նա հավելել է, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է Արևելյան գործընկերության թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: ՀՀ ԱԳ նախարարը նաև իր շնորհակալությունն է հայտնել ԵՄ կողմից Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար՝ նշելով, որ սկսած 2009թ-ից Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում երկխոսություն է հաստատել ԵՄ հետ, որը արդյունավետ շրջանակ է հանդիսանում կառուցողական և օգտակար քննարկումների համար:

Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բարձր են գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը և իրենց աջակցությունը հայտնել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին: Նիստի ընթացքում արձանագրվել է, որ 2012թ. նշանավորվել է բարձրաստիճան փոխայցելությունների մեծ ինտենսիվությամբ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Բրյուսել մարտին և հունիսին, ԵՄ Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը, ԵՄ Հանձնաժողովի նախագահ Խոսե Մաունել Բարոզուն և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այցելել են Հայաստան համապատասխանաբար հուլիսին, սեպտեմբերին և դեկտեմբերին:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարևորել է նաև Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցությունների հաջող ընթացքը, և ընդգծել հայկական կողմի մտադրությունը ավարտել դրանք մինչև 2013թ. նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:

Share