Բաժին. Տնտեսական

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՇԵՆԳԵՆՅԱՆ ՎԻԶԱՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ ԱՎԵԼԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ

Ստորագրվել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը: Այս ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը:

Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները ավելի պարզեցված ընթացակարգով կստանան շենգենյան վիզաներ, ինչը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության գնահատմամբ, կարևոր քայլ է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել, համաձայն որի՝ ԵՄ քաղաքացիները 2013 թվականի հունվարի 10-ից կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրերի: Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ նույնը կարվի ՀՀ քաղաքացիների համար Եվրոպական Միության կողմից։

Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ստորագրել են նաև Շրջանակային համաձայնագրի արձանագրություն, որը հնարավորություն կտա Հայաստանին մասնակցություն ունենալ ԵՄ ծրագրերում:

Share