Բաժին. Տնտեսական

ՀՀ ԿԲ. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է

Ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում Հայաստանում սպառողների վսատահությունը ցուցաբերել է աճի միտում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճելով 0.2%-ով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` սպառողների վստահության աճը պայմանավորվել է ապագա պայմանների նկատմամբ սպառողների սպասումների 1.3% աճով: Ընթացիկ պայմանների ենթաինդեքսը նվազել է 1.1%:

Նախորդ եռամսյակի նկատմամբ սպառողների վստահության ինդեքսը նվազել է 4.6%-ով՝ պայմանավորված ընթացիկ պայմանների ինդեքսի 3.0% և ապագա պայմանների ինդեքսի 5.9% նվազումներով:

Սպառողների վստահության ինդեքսն (ՍՎԻ) իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն: Ներկա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը հաշվարկվել է որպես ներկա պայմաններին վերաբերող հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների փոփոխություն, իսկ ապագա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը` ապագային վերաբերող հարցերի հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն: Յուրաքանչյուր հարցի համար հաշվեկշիռը հաշվարկվել է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար: Հաշվեկշիռները տատանվում են [0, 100] միջակայքում: Հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է):

Share