Բաժին. Տնտեսական

ՍԻՐԻԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԼԱՍՏԻԿ ԻՐԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՄԲ

Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոնը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ, կազմակերպել է հանդիպում պլաստիկ իրեր արտադրող սիրիահայ գործարարների և Միության փոխնախագահ, «Պլաստիկ» ԲԲԸ-ի նախագահ Քրիստ Փիլոսյանի և միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանի միջև:  

Հանդիպմանը մասնակցել է 12 սիրիահայ գործարար, որոնք Սիրիայում գործունեություն են իրականացրել կաղապարների, տարբեր տեսակի արկղերի և տարաների, ծաղկամանների, կոշիկների տակացուների և այլ իրերի արտադրության ոլորտներում: Մասնակիցներին հիմնականում հետաքրքրել է Հայաստանում գործունեությունը շարունակելու կամ այլ հարակից գործունեություն իրականացնելու հնարավորությունը, պահանջարկը տարբեր տեսակի պլաստիկ իրերի նկատմամբ, հումքի ձեռքբերումը և գինը, սեփական սարքավորումների Հայաստան տեղափոխման կամ նոր սարքավորումների ձեռքբերման հարցերը: 

Քրիստ Փիլոսյանի առաջարկությամբ մասնակիցները ներկայացրել են իրենց գործարար առաջարկները և քննարկել դրանք: Հիմնական եզրակացությունն այն էր, որ Հայաստանում առկա է պլաստիկ իրերի արտադրության ոլորտի զարգացման խնդիր, ուստի ճիշտ վերլուծելով ներքին շուկայի պահանջարկը և օգտագործելով արդեն ունեցած արտաքին շուկաները՝ սիրիահայ գործարարները կարող են գտնել իրենց տեղը Հայաստանի շուկայում: Արդյունքում, մի քանի սիրիահայ գործարարներ ստացել են Հայաստանում  գործունեություն ծավալելու առաջարկներ:

Հանդիպման ավարտին ներկա է եղել նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ով Միության անունից պատրաստակամություն է հայտնել սիրիահայ գործարարներին աջակցելու գործում: Միաժամանակ, նա առաջարկել է աշխատատեղեր որոշ  մասնագիտությունների համար  իր ղեկավաած «Ապավեն» ընկերությունում և Միության այլ անդամ կազմակերպություններում:

Share