Տնտեսական

ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանում հանդիպել է միջազգային բիզնեսի ներկայացուցիչների հետ

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը Չինաստանում հանդիպում է ունեցել միջազգային բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Քննարկմանը մասնակցել են ամերիկյան, եվրոպական և ճապոնական ընկերությունների ներկայացուցիչներ, որի թեման Չինաստանի որոշ արդյունաբերական ոլորտներում բիզնես վարելու պայմաններն են եղել:

Ամերիկացի պաշտոնյան հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «ձգտում է Չինաստանի հետ առողջ տնտեսական հարաբերություններ ունենալ, որոնց շրջանակներում հավասար պայմաններ կապահովվեն ամերիկացի աշխատողների և ձեռնարկատերերի համար»։ Նա նշել է, որ այդ նպատակին հասնելը կպահանջի «ազնիվ և բաց հաղորդակցություն Չինաստանի հետ»։

ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանում է ապրիլի 3-9-ը։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նրա այցն ուղղված է ամերիկյան աշխատակիցների և ձեռնարկությունների «արդար վերաբերմունքի» ապահովմանը, ֆինանսական միջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում «երկկողմ համագործակցության զարգացմանը», ինչպես նաև «ֆինանսական կայունության» ստեղծմանը, կլիմայական խնդիրների և զարգացող երկրների պարտքային հարցերի լուծմանը։

Share