Բաժին. Տնտեսական

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2012 ԹՎԱԿԱՆԸ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ամփոփել է 2012թ. ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը: Նախարարի խոսքով՝  կարելի է արձանագրել, որ  նկատելի են դառնում  սկսված ծրագրերի արդյունքները, Հայաստան-Սփյուռք գործակցությունը տեղափոխվում է նոր մակարդակ, Սփյուռքն ավելի է համախմբվում Հայրենիքի շուրջ, և գնալով ավելանում է մեր երկրի մրցակցային առավելությունը:

2012թ. ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերն իրականացնելիս հիմք են ընդունվել ՀՀ կառավարության  2012թ. ծրագրերում ընդգրկված  գերակա խնդիրները:  Իրականացվել են մեծածավալ և բազմաբնույթ միջոցառումներ, ինչպիսիք են համահայկական մասնագիտական համաժողովները, «Իմ Հայաստան» փառատոնը,  «Սփյուռք» ամառային դպրոցը, «Արի տուն 2012» ծրագիրը,  հետազոտությունների իրականացումը և այլն: Ընթացիկ տարում նախարարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են եղել հատկապես սիրիահայերի հիմնախնդիրները:  

Հայրենիք-Սփյուռք գործակցության արդյունավետության հարցում նախարարը կարևորել է երկքաղաքացիության ինստիտուտի կայացումը, առավել մեծ թվով սփյուռքահայերի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացումը: Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է հայկական լոբբիի գործոնը համահայկական նշանակության երկու հիմնահարցերի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի  խաղաղ կարգավորման և Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

Նախարար Հակոբյանը, 2012 թվականի ձեռքբերումները մատնանշելով, կարևորել է Սփյուռքում գործող համահայկական կազմակերպությունների, աշխարհի 100 երկրների հայ համայնքներում գործող 30.000 կառույցների վստահությունն ու փոխգործակցությունը. այսօր բոլոր համահայկական կառույցներն իրենց ծրագրերն իրականացնում են ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ:

Այնուհետև նախարարը նախանշել է 2013 թվականի անելիքները: Հաշվի առնելով միտումը, որ բազմաթիվ այլադավան հայեր մկրտվում են Հայ Առաքելական եկեղեցում՝ շարունակվելու են նրանց հետ տարվող աշխատանքները: Նոր թափ են ստանալու Հայաստանում գտնվող սիրիահայերի ինտեգրման, հիմնախնդիրների լուծմանն ուղղված, ինչպես նաև իրաքահայերի ինտեգրման աշխատանքները:  Առաջիկա ծրագրերում դարձյալ ուշադրության կենտրոնում են լինելու մասնագիտական ընկերակցությունների ընդլայնումը, ինչպես նաև՝ «Հայերն առանց  ծխախոտի» նոր ծրագիրը` Գրանդ Տոբակոյի հետ: 2013 թվականին կկազմակերպվի երիտասարդների համահայկական համաժողովը` նվիրված մայրենիի պահպանմանը: Կընդլայնվի համագործակցությունը, կավելանան համատեղ ծրագրերը համահայկական կառույցների հետ: Կշարունակվի մասնագիտական միությունների ընդլայնումը և նորերի ստեղծումը:

Share