Տնտեսական

ԱՄՆ-ը և Չինաստանը խորհրդակցություններ կսկսեն հավասարակշռված տնտեսական աճի շուրջ

ԱՄՆ-ի և Չինաստանի իշխանությունները պայմանավորվել են բանակցություններ սկսել հավասարակշռված տնտեսական աճի շուրջ՝ Չինաստանի ավելցուկային արտադրական հզորությունների վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունների ֆոնին։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Ջանեթ Ելենի գրավոր հայտարարության մեջ՝ Չինաստանում  ՉԺՀ իշխանությունների հետ երկօրյա բանակցություններից հետո։

Նրա խոսքով՝ երկու երկրների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են քննարկումներ սկսել իրենց ֆինանսական համակարգերում փողերի լվացման դեմ պայքարում համագործակցության շուրջ։

Ելենը հանդիպման ավարտին լրագրողներին հայտնել է, որ ամերիկյան կողմը քննարկել է ԱՄՆ-ի մտահոգությունները՝ կապված չինական էլեկտրական մեքենաների, արևային մարտկոցների արտահանման աճի հետ, ինչպես նաև Չինաստանի ավելցուկային հզորության հետ կապված խնդիրը:

«Կարծում եմ՝ Չինաստանը հասկանում է, թե որքան անհանգստացած ենք իրենց արդյունաբերական ռազմավարության հետևանքներից, որ նրանք կարող են մեր շուկաները հեղեղել արտահանմամբ, ինչը կդժվարացնի ամերիկյան ընկերությունների մրցակցությունը», – ամերիկացի նախարարն ասել է, թե Չինաստանի գերարտադրությունն այդպիսով խախտում է համաշխարհային հավասարակշռությունը։

Share