Բաժին. Տնտեսական

ՄԱՍԻՍՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՂ ՏՈՆԱՎԱՃԱՌ

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 26-րդ բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Մասիս քաղաքում հայտնաբերել են ապօրինի գործող տոնավաճառ:  

Ուսումնասիրելով ձեռնարկատիրական գործունեության հանգամանքները` բաժնի աշխատակիցները բացահայտել են, որ Մասիսի բնակիչ Մհեր Ենգիբարյանը Դպրոցականների փողոց 9 հասցեում սեփականության իրավունքով իրեն պատկանող շուրջ 10.000ք.մ. մակերեսով տարածքում հարկային դաշտից դուրս ձեռնարկատիրական գործունեությամբ էր զբաղվում:

Պարզվել է, որ Ենգիբարյանն առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի կազմակերպել է առևտրի իրականցման վայրի գործունեություն` վարձակալական հիմունքներով հարկային մարմնում հաշվառված առանձին տնտեսվարող սուբեկտներին տրամադրելով շուրջ 40 առևտրային տարածքներ: Ստվերային այս տոնավաճառում իրականացվել են սննդամթերքի, տնտեսական ապրանքների և հագուստի առևտուր, ինչպես նաև հարսանյաց պարագաների վարձակալության և հացաթխման գործունեություն:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ ընթացքում առևտրային գործունեություն իրականացվող սուբյեկտներից Մհեր Ենգիբարյանը որպես վարձավճար ստացել է շուրջ 32 մլն.  դրամ համախառն եկամուտ, ընդ որում` ոչ մի անգամ չկատարելով պետբյուջեի վճարում և հարկերի հաշվարկ:

Պետական եկամուտների կոմիտեն նաև տեղեկացնում է, որ ՕՀՎ 9-րդ բաժնի աշխատակիցներն ապօրինի գործող ատամնաբուժարան են հայտնաբերել Երևանում, որտեղ Գուրգեն Սարգիսովը, չունենալով պետական գրանցում, համապատասխան լիցենզիա և հաշվառված չլինելով հարկային մարմիններում` ատամնաբուժական ծառայություն էր մատուցում Տերյան 57 հասցեում: Մեկ այլ դեպքով էլ 12-րդ բաժնի աշխատակիցները պարզել են, որ 10 տարի շարունակ առանց համապատասխան լիցենզավորման` ապագա բուժքույրեր, մանկաբարձներ, դիմահարդարներ ու ատամնատեխնիկներ է պատրաստել Օրբելի բժշկական ուսումնարանը:

Ներկայացված բոլոր դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:

Share