Բաժին. Տնտեսական

ԳՈՐԾԱԴԻՐԸ ՈՐՈՇԵԼ Է ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԹԻՎ 2 ՄԱՍՆԱՇԵՆՔԸ ՎԱՃԱՌԵԼ ԱՃՈՒՐԴՈՎ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, գործադիրը ՀՀ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենքում գտնվող մոտ 14.5 հազար քառ. մետր մակերեսով շենք-շինություններն օտարել դասական աճուրդով։ Նշենք, որ Կառավարության թիվ 2 մասնաշենքում տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունները:

Կառավարության ոլոշմամբ՝ նշված գույքի համար մեկնարկային գին է սահմանվել ավելի քան 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը։ Վաճառքի գնի 70 տոկոսը վճարվելու է ՀՀ պետբյուջե, 30 տոկոսը` Երևան համայնքի ֆոնդային բյուջե։ 

Հիշեցնենք, որ մինչ այս կառավարությունը չեղյալ էր համարել շենքը Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությանը վաճառելու մասին հոկտեմբերին կայացրած որոշումը: Միևնույն ժամանակ, այս անգամ ևս «Տանգո» ընկերությունը կրկին նշվում է որպես հավանական գնորդ, եթե, իհարկե, կառավարությանը չհաջողի ավելի բարձր գնով գնորդ գտնել:

Աճուրդը պետք է կազմակերպվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում:

Share