Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆԸ ՄԱՍՆԿԱՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ

Մայրաքաղաքի  հասարակական տրանսպորտի նոր հայեցակարգի պահանջներից մեկը միկրոավտոբուսների թիվը զգալիորեն կրճատելն ու դրանք միջին տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինելն է: Նախատեսված է նաև  երթուղիներ շահագործել մասնավոր ներդրումների հաշվին:

Այս համատեքստում, երթուղիների մրցույթների անցկացումից հետո, այս տարի առաջին անգամ, «Հայր և որդի Մկրտչյաններ» ընկերության ներդրման արդյունքում թիվ 28 միկրոավտոբուսային երթուղին այսուհետ թիվ 8 համարանիշով կսպասարկվի հարավկորեական արտադրության «Հունդաի» մակնիշի 18 նոր ավտոբուսներով, որոնք հագեցած են ուղևորների համար հարմարավետ երթևեկության սահմանված չափանիշներով:

Մասնավոր ընկերությունների կողմից մինչև 2013 թվականի առաջին եռամսյակ Երևան կբերվի միջին տեղատարողությամբ ևս 92 ավտոբուս, ինչը հնարավորություն կտա ավտոբուսայիններով վերափոխելու ևս 5-6 երթուղի: Այս աշխատանքները հետագա ժամանակահատվածում շարունակական բնույթ կկրեն:

Նշենք, որ մինչ օրս 6 միկրոավտոբուսային երթուղի էլ վերագործարկվել էր չինական ավտոբուսներով:

Այսուհետ, չինական ավտոբուսներով կսպասարկվի նաև թիվ 24 միկրոավտոբուսային երթուղին, որը  վերագործարկվելուց հետո, դարձյալ առանց ուղեգծի  փոփոխության, կունենա  13 համարանիշը:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության փոխանցմամբ՝ նախատոնական օրերին, մինչև հունվարի 13-ը ներառյալ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը կգործի սովորական ժամանակացույցով: Դեկտեմբերի 31-ին ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կսպասարկվեն մինչև կեսգիշեր, իսկ Երևանի մետրոպոլիտենը`մինչև ժամը  02:00-ն:

Share