ՀՀ արտաքին գործերի նախարարությունում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ճաո Մինգվենը ստորագրել են ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է 70 մլն չինական յուանի անհատույց օգնության տրամադրում:
Նախատեսվում է նշված գումարի շրջանակներում ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, իսկ դրա զգալի մասը կօգտագործվի Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՉԺՀ Նախագահ Հու Ձինտաոյի միջեւ:
Տեղեկանք: Տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում ՉԺՀ կառավարությունը սկսած 1999թ. Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության եւ տրանսպորտի բնագավառում: Այս տարի ավարտին հասցվեց 249 քաղաքային ավտոբուսների ձեռք բերման ծրագիրը: