Բաժին. Տնտեսական

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ ԵՆ 40%-ՈՎ

Տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան խորհրդի հերթական նիստը՝ ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Տիգրան Սարգսյանը ԲՈՒՀ-ի ռեկտորից հետաքրքրվել է, թե ինչ ընթացքում է գտնվում իր՝ մանկավարժական համալսարանի դասախոսների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ սեպտեմբերի 25-ին տրված հանձնարարականը:

Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը պատասխանել է, որ 2013 թվականի հունվարի 1-ից դասախոսների աշխատավարձերը բարձրացվել են 40 տոկոսով և պարզաբանումներ է ներկայացրել, թե ինչ միջոցների հաշվի է դա իրականացվել: 

Ռեկտորը նաև հիշեցրել է, որ վերջին երկու տարիների ընթացքում ԲՈՒՀ-ի դասախոսների աշխատավարձերը բարձրացվել են 80 տոկոսով, ինչն իրականացվել է մի շարք խնայողությունների հաշվին: Ռուբեն Միրզախանյանն ընդգծել է, որ մանկավարժական համալսարանի դասախոսների աշխատավարձերի բարձրացման համար ՀՀ պետական բյուջեից որևէ ֆինանսական օժանդակություն չի ստացվել: 

Ըստ ներկայացված տվյալների՝ 2012 թվականին համալսարանում շինարարական աշխատանքների համար ծախսվել է 280 մլն դրամ: Գրասենյակային ծախսերը կազմել են 22 մլն մլն դրամ: Ընթացիկ տարում, անցնելով կառավարման էլեկտրոնային համակարգի, ԲՈՒՀ-ի ղեկավարությունը նախատեսում է այդ ծախսերը հասցնել 13 մլն դրամի:  

2012 թվականին համալսարանի տնտեսական ծախսերը կազմել են 22 մլն դրամ: այս տարվա համար նախատեսվում է նշված ծախսերը հասցնել 13 մլն դրամի:  

Տրանսպորտային միջոցների վարձակալման ծախսերը 2012 թվականին հասցվել են 4 մլն դրամի: Ինչպես նշել է Ռուբեն Միրզախանյանը՝ 2013 թվականին այս ուղղությամբ որևէ միջոց չի ծախսվելու, քանի որ ԲՈՒՀ-ը ձեռք է բերել սեփական տրանսպորտային միջոցներ:  

Խորհրդի նիստում ներկայացվել է նաև մանկավարժական համալսարանի գործունեության 2012 թվականի հաշվետվությունը և 2013թ. բյուջեի նախագիծը:

Share