Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ 2013Թ. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

Ամփոփվել են հայ-իրաքյան, հայ-քուվեյթյան, Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովների 2012թ. աշխատանքները և քննարկվել ընթացիկ տարվա անելիքները:

ՀՀ փոխվարչապետ, նշված հանձնաժողովների հայկական կողմի համանախագահ Արմեն Գեւորգյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ արձանագրվել է, որ 2012թ. Բաղդադում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որի արդյունքում ձեռք են բերվել մի շարք ոլորտներում գործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ: Տեղեկություններ  են ներկայացվել հայ-իրաքյան առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Երկրորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարի` Երեւանում:

Միևնույն ժամանակ, նախատեսվում է այս տարի Քուվեյթում կազմակերպել նաեւ Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Առաջինը տեղի էր ունեցել 2011թ-ին Երեւանում: Աշխատանքներ կիրականացվեն նաեւ Հայաստան-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի առաջին լիագումար նիստի անցկացման ուղղությամբ: 

Ա. Գեւորգյանը հանձնարարել է հանձնաժողովներում ընդգրկված պետական մարմինների ներկայացուցիչներին առաջարկություններ ներկայացնել հանձնաժողովների նիստերի օրակարգերի վերաբերյալ: Առանձնահատուկ կարեւորվել է գործընկեր երկրներում անցկացվող միջազգային առեւտրատնտեսական եւ արդյունաբերական ցուցահանդեսներին հայաստանյան գործարար շրջանակների մասնակցությունը, ինչը նպաստելու է փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-ԱՄԷ երկրորդ գործարար համաժողովը 2013թ-ին կազմակերպելու հնարավորությանը: Փոխվարչապետը ՀՀ արտաքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներին առաջարկել են միջոցառման կազմակերպման ուղղությամբ աշխատել էմիրաթական կողմի հետ` հաշվի առնելով նաեւ 2010թ. Երեւանում անցկացված առաջին համաժողովի փորձը:

Share